Ոստիկանները կարող են ծափահարել Նիկոլ Փաշինյանին. ինչի՞ն են պատրաստվում իշխանությունները
2023-04-12 18:42:00

Նորաստեղծ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է համապատասխան նախաձեռնություն՝ է՛լ ավելի բարեկեցիկ դարձնելու հայրենի ոստիկանների կենցաղը:
Ոստիկանությունում ատեստավորման համակարգի ներդրման ջատագով փոխնախարարի խոսքերից միակ բանը, որ պարզ է դարձել, այն է, որ համակարգի ներդրման նպատակը ոստիկաններին զգալի հավելավճարներով ապահովելն է:Ատեստավորում անցած ոստիկանները ստանալու են շատ բարձր հավելավճարներ՝ շարունակելու մնալ համակարգում: 
Ի դեպ՝ փոխնախարարը ևս մեկ անգամ պարզաբանել է այն հարցը, թե Հայաստանի նման փոքր երկրում քանի՞ ոստիկան է հաշվվում. 17000 ոստիկան ունենք: Ընդ որում՝ պարզվում է, որ ատեստացիան անցկացվելու է փակ, գաղտնի ռեժիմում:
Թե ինչ է իրենից ներկայացնելու «ատեստացիա» կոչվածը, ոչ մեկին դեռևս պարզ չէ: Մտահոգիչ է հատկապես դրա բնույթը՝ փակ: Ինչո՞ւ փակ, կամ արդյոք նման ռեժիմով ատեստավորման անցկացումը չի՞ ծնի կոռուպցիոն ռիսկեր, եթե հատկապես հաշվի ենք առնում նույն ՔՊ-ականների ինքնախոստովանությունն այն մասին, որ Հայաստանում կոռուպցիան բավական բարձր մակարդակի է հասնում, իսկ ինչպես հայտնի է, ուժայինները մեզանում միշտ եղել ու մնում են կոռուպցիոն բարձր ռիսկայնության տիրույթում:
Ոստիկանությունն առանցքային դերակատարություն ունի Հայաստանում քաղաքական իշխանությունների անձեռնմխելիության երաշխավորման հարցում: Հենց ոստիկանական մահակների ուժով է, որ Նիկոլ Փաշինյանը ցայսօր շարունակում է հանդիսանալ ՀՀ վարչապետ՝ չնայած այն փաստին, որ հանրային հենարան նա, ըստ էության, չունի է՛լ:
Սա նշանակում է, որ ուզած-չուզած իշխանությունները պետք է հագուրդ տան ոստիկանների ախորժակին՝ անկախ նրանից, թե Հայաստանին պե՞տք է 17000 կերած-խմած ոստիկան, թե՞ ոչ, կամ առհասարակ ի՞նչ օգուտ ազգին նրանցից:
Ոստիկաններին կրկին բտելու իշխանությունների այս մոլուցքը կարող է պայմանավարված լինել ապագայում անցանկալի վտանգների անխուսափելիությամբ: Հնարավոր է՝ իշխանությունները նպատակ ունեն Սյունիքը պատերազմով հանձնելուց հետո էլ մնալ իշխանության:
Համենայն դեպս՝ եթե բանը հասնի դրան ու իսկապես Սյունիքն էլ արժանանա Արցախի ճակատագրին, դժվար թե Նիկոլ Փաշինյանը, դրդված, ասենք, խղճի խայթոցներից, կամովին հրաժարական տա: Խնդիր է դրված ամեն գնով խեղդել բողոքի ձայնը ու հենց այդ խնդրի լուծմանն է միտված ոստիկաններին պարգևախեղդ անելը:
Այս նյութը դիտել են - 1026 անգամ