Ծաղիկները ժպտում են, մենք լուռ ենք, երբ հազարավորներիս կյանքը փոխվել է, այլևս չենք կարողանում լիարժեք ուրախանալ ծաղկառատ գարնան հրապույրներով
2023-04-07 01:29:00
Ապրիլի 7֊ը Արցախում ոչ աշխատանքային օր է։ Ավետման տոն է` Գեղեցկության ու մայրության օր, որ միշտ էլ հրապուրիչ է եղել, ծաղկառատ, ջերմ, բարեհամբույր...
Տպավորություն է, որ գոնե մեկ օր կկարողանանք մոռացության տալ այն մղձավանջը, որ օր օրի մեր շուրջը խտանում է։ Կարծես այս օրը շնորհավորանքների շքահանդեսը` ծաղիկների նվիրումով, քաղցրաբառ օրհնանքներով, երազանքների իրականացման բազմաբյուր մաղթանքներով, մեզ պիտի մոռացության տա ամեն ինչ, բայց ո՛չ...
Ծաղիկները ժպտում են, մենք լուռ ենք, երբ հազարավորներիս կյանքը փոխվել է, այլևս չենք կարողանում լիարժեք ուրախանալ ծաղկառատ գարնան հրապույրներով... Եվ ինչու՞... Որ մեր երկրում «պատա՞նդ ենք»։ Գուցե և, առավել շատ, որ Արցախում շրջափակման մեջ են 30 հազար երեխաների մայրեր, և այսօր աշխարհի հայացքի ներքո բազմաթիվ մայրեր իրենց ընտանիքներին միավորվելու անհագ կարոտ ունեն, երբ բաժանարար գիծ է քաշված նրանց ճանապարհին։
Գեղեցիկ է դառնում օրը, ժպիտը, ծիծաղը, խոսքը, խոհը, արարումը և ամեն ինչ, երբ ազատ ես լինում, անհոգությամբ պարուրված, երբ կյանքը սիրով է լցված, ոչ թե յուրօրինակ գերության շղթաներով, որ պարտադրված է արցախցիներիս։ Սակայն չմոռանանք` մենք գեղեցիկ ենք առաջին հերթին մեր բնավորությամբ, մեր մաքրությամբ, մեր մտածումներով, մեր բարի քայլերով...
«Պատանդ» լինելը մեզ գուցե և կաշկանդում է, բայց ամրանում ենք, կոփվում, որ կանացի լինենք, մայրական սիրով, որ գեղեցիկ լինենք մեր գործողություններով, որ զերծ լինենք չարության որոմից... Գեղեցիկ է կյանքը, իսկ այն լիարժեք է դառնում, երբ սրտիդ լայնարձակ օվկիանոսում մեծ խորությամբ ազատ հայրենիք ունես, և դու ես տերը քո երկրի։
Հենց այդ տիրոջ իրավունքով էլ շնորհավորում եմ այս տոնը իրենց սրտում զգացող բոլոր մայրերին, դուստրերին, քույրերին, կանանց, մեծագույն ակնածանքս զոհվածների մայրերին, իրենց որդիներին սպասող կսկծացող սրտերին...
Աշխարհին խաղաղություն, Աստված ապավեն հայոց երկրին, հայ ժողովրդին, համայն հայությանը։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 859 անգամ