Ծեծուջարդ՝ ԱԺ-ում. կարվե՞ն հետևություններ
2023-03-31 10:43:00
ԱԺ-ն հերթական անգամ դարձել է ռինգի դաշտ. «Հայաստան» դաշինքից Մհեր Սահակյանի ու ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած բախման արդյունքում Սահակյանը ձերբակալվել է, իսկ Վարդանյանը հայտնվել հիվանդանոցում: 
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 297 3-րդ մասի և 195-ի 2-րդ մասի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով և ֆիզիկական ներգործությունը՝ կապված անձի, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։ 
Սեյրան Օհանյանը որոշ մանրամասներ է ներակայացրել տեղի ունեցած ծեծկռտուքից՝ հայտնելով, որ մթնոլորտը սրել են ՔՊ-ականները: «Առաջին հերթին ՔՊ-ական պատգամավորի կողմից է եղել բարձր տոնով խոսակցություն, ձեռքը սեղանին խփել, այնուհետև տեղի է ունեցել կոնֆլիկտը, ինչը հարթվել է մեր կողմից, սակայն ոստիկանությունը և ԱԺ ղեկավարությունը նորից հրահրել են այդ կոնֆլիկտը…: Կարելի է ասել՝ իր գործողություններով, ըստ էության, Ալեն Սիմոնյանը հրահրեց այս ներքին խառնաշփոթը: Ալեն Սիմոնյանի ներկայությունից օգտվելով՝ ոստիկանության ներկայացուցիչները, փոխոստիկանապետը սկսեցին Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունեին, մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում և միջանցքում, ինչն անընդունելի է»,-մասնավորապես՝ հայտնել է Օհանյանը՝ բարձրացնելով միանգամայն տեղին հարց՝ երբ Վահագն Ալեքսանյանը, նիստերի դահլիճում առաջ գալով, հարվածեց Վահե Հակոբյանին, այդ ժամանակ ոստիկանական զորքերը լցվեցին և Վահագն Ալեքսանյանին ձերբակալեցի՞ն: Արձանագրելով, որ նման բան տեղի չի ունեցել՝ Օհանյանը նկատել է. «Այս իշխանությունների օրոք կողմնակալ մոտեցում է նաև ոստիկանանական գործողություններին»:
Դեպքի հանգամանքները, իհարկե, դեռևս ամբողջությամբ կճշգրտվեն, «ջրերը կպարզվեն», բայց հարցերը՝ կապված տեղի ունեցածի հետ կշարունակեն հնչել ու այն էլ բավական սուր կերպով:
Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ո՞րն է իրականում նման բախումների բուն պատճառը: Անկակսած, իշխանությունների անհանդուրժողականությունն է՝ ընդդիմության նկատմաբ, և սա՝ այն դեպքում, երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը «սերն ու հանդուրժողականությունը» դարձրել էր հեղափոխության կարևորագույն լոզունգ՝ խոստանալով նոր դարաշրջան բացել այդ առումով: Մինչդեռ հետո պետք է պարզվեր, որ ամենաանհանդուրժողը հենց իրենք են՝ սկսած իշխանության ձեռքին բութ գործիք դարձած ոստիկաններից մինչև պատգամավորներ:
Իհարկե, դատապարտելի է բռնությունը ցանկացած դեպքում, բայց տվյալ պարագայում դա առավելապես որպես բնական հետևանք պետք դիտարկել:
Ընդդիմությունն էլ, հասարակության մի ահռելի զանգված էլ զզվել են ՔՊ-ականների երկերեսանիությունից, և այլևս այլ բան չի մնացել, քան սեփական մուշտիներով համապատասխան ուղերձը տեղ հասցնելու տարբերակը:
Հուսանք, որ գոնե այս միջադեպից հետո ՔՊ-ական իշխանությունները կհասկանան իրենց գործողությունների ու բռնած քաղաքական կուրսի անհեռանկարայնությունն ու գոնե ինչ-որ չափով կվերանայեն այն, հակառակ դեպքում նման միջադեպերն ԱԺ-ում կարող են սովորական բան դառնալ, իսկ դա խիստ անցանկալի է, քաղաքական մարմնին ոչ սազական:
Այս նյութը դիտել են - 1131 անգամ