100 օր՝ գերության մեջ. ո՞րն է ելքը
2023-03-22 11:31:00

100 օր է՝ Արցախը շրջափակված է: 
100 օր է՝ 21-րդ դարի աշխարհում թուրքը իր հերթական հայակերությունն է անպատիժ կերպով դրսևորում:
100 օր է՝ ամեն օր հայ ժողովուրդն ավելորդ անգամ համոզվում է, որ թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում:
Արդյոք էլի 100 օր փակ կմնա՞ Արցախի կյանքի ճանապարհը՝ սովամահության եզրին կանգենցնելով 120000 արցախահայությանը, թե՞ վերջապես խնդիրը կհանգուցալուծվի տրամաբանական սցենարով, կախված կլինի թերևս այն հարցի պատախսանից, թե նախ՝ ինչպիսի կեցվածք հետայսու կորդեգրեն իշխանությունները, ապա՝ ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ կստեղծվի ռեգիոնում: Բայց եթե վերջին գործոնը շատ առումներով չի կարող կախված լինել Հայաստանից, ապա առաջինի պարագայում՝ ընդհակառակը: ՀՀ իշխանությունների ճիշտ կեցվածքը կարող է շատ բան փոխել Ադրբեջանի պահվածքում: Հարցն էլ հենց այն է, թե արդյոք ՔՊ-ական իշխանությունները կփոխե՞ն իրենց վարքագիծը, թե՞ օգտվելով առիթից՝ կշարունակեն դիստանցիա պահպանել Ստեփանակերտից՝ խնդիրն օտարների գրպանը նետելով:
Գոնե առայժմ չկա որևիցե նախանշան, որ Նիկոլ Փաշինյանը կարող է փոխել իր կեցվածքը: Արդարացնելու համար նմանօրինակ հայադավ կեցվածքն իշխանական պրոպագանդան հանրության մեջ սերմանում է պատերազմի վախը՝ հստակորեն նպաստելով ադրբեջանական քարոզչական թեզերի առաջխաղացմանը:
Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են անել այնպես, որ հայաստանցիները հոգեբանորեն ձեռք քաշեն Արցախ աշխարհից՝ սեփական գոյությունը չվտանգելու կեղծ պատրվակով:
Չտեսնել Բաքվի ու Երևանի սինքրոն աշխատանքն այս հարցում պարզ կորություն կարող է համարվել: Ընդ որում՝ պետք է գիտակցել, որ խաղաղություն չի լինելու և որևիցե դեպքում, քանի որ թուրքի համար կա խաղաղության համար միայն մեկ պայման՝ Կովկասում հայության չգոյությունը, իսկ իշխանությունների այն կեղծ քարոզչությունը, թե իբր թուրքերը պատրաստ են երաշխավորել 29000 քկմ-ի անձեռնմխելիությունը, եթե Երևանը ձեռք քաշի Ստեփանակերտից, լկտի խաբկանք է ու իրականությունից կտրված քարոզչական փուչիկ:
Ո՞րն է ելքը կամ կա՞, արդյոք, ելք ընդհանրապես:
Եթե Հայաստանը մի փոքր կայացած երկիր լիներ, ապա այս իրավիճակում այլ բան չէր մնալու, քան ուղղակի ուժով բացել Լաչինի միջանցքը՝ կրկնելով Արցախյան առաջին գոյամարտի սցենարը: Բայց ցավն այն է, որ վազգենսարգսյաններ ու մանվելգրիգորյաններ Հայաստանում է՛լ չեն մնացել, իսկ հանրային արժեհամակարգը ՔՊ-ն այնպես է այլասերել, որ շատերը ստեղծված իրավիճակին նախընտրում են նայել կողմնակի դիտորդի կարգավիճակով՝ չհասկանալով Արցախի ու Հայաստանի անքակտելության աստիճանը:
Չի լինի Արցախ, չի լինի և Հայաստան:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 800 անգամ