Ռեալպոլիտիկի սինանյանական բանաձևը. բա դուք է՛լ ո՞ւմ եք պետք
2023-01-31 09:31:00

Խոսելով Բևեռլի Հիլզում թուրքերի կողմից հակահայկական բովանդակության թռուցիկների տարածման մասին, մեկնաբանելով փաստի վերաբերյալ ամերիկյան պաշտոնյաների արձագանքը՝ Զարեհ Սինանյանն ասել է.«Ճիշտն ասած՝ ասում են՝ դե տեսաք՝ բոլոր քաղաքական դեմքերը դատապարտեցին… այո՛, բոլորը քննադատեցին, որովհետև այդ քննադատությունը ոչինչ չարժի որևէ մեկի համար: Շատ հեշտ է քննադատել… ուրիշ բան է, որ էդ քաղաքական դեմքերը, պետական պաշտոնյաները, կոնգրեսականները և այլն ակտուալ քայլերի դիմեն կոնգրեսում, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի: Դա մի քիչ այլ քայլ է. դա կապված է արդեն քաղաքական կրեդիտիդ օգտագործման հետ, այսինքն՝ կշիռդ պիտի դնես դու, քո մոտ ունեցած զինամթերքդ պետք է օգտագործես, որպեսզի կարողանաս նման նպատակ ապահովել: Դա բարդ է»:
Ռեալպոլիտիկի տեսանկյունից, իհարկե, Սինանյանն ասել է ողջ ճշմարտությունը, բայց նա չի ասել ամենակարևորը՝ իսկ ի՞նչ են անում ինքն ու իր քաղաքական թիմը, որպեսզի նույն ԱՄՆ-ում բարձրանա Հայաստանի կշիռը, որպեսզի լցվի մեր երկրի «զինապահեստը», որպեսզի բացի սրտաճմլիկ ու ոչինչ չասող հայտարարություններից գործնական քայլեր նույնպես լինեն:
Այդ հարցը նա իր խոսքում թողել է չշոշափված մի շատ պարզ պատճառով. շատ լավ գիտի, որ հետհեղափոխական շրջանի ամեն մի օրը թուլարցրել է Հայաստանը, սառել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, Հայաստանի կշիռը միջազգային արենայում ընկել է, ՔՊ-ն Հայաստանը վերածել է մի «ժողովրդավարության բաստիոնի», որը ոչ մեկին հարկավոր չէ, իսկ Սփյուռքն էլ մնացել է որբ՝ գցելով իր կշիռը:
Ավելին՝ համապատասխան պաշտոնին նույն Սինանյանի նշանակումը ոչ միայն ոչնչով չավելացրեց Հայաստանի քաղաքական կապիտալը, այլև է՛լ ավելի ցածր մակարդակի իջեցրեց մեր երկրի ազդցեությունը՝ է՛լ ավելի մեծ սեպ խրելով Սփյուռքի մեր հայրենակիցների, նրանց ու Հայաստանի միջև:
Երբ աշխարհի աչքի առաջ պարբերաբար արգելվում է ասենք հայրենասեր,ազդեցիկ սփյուռքահայերի մուտքը՝ երկիր, երբ բոլորը տեսնում են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի «սթաֆը» դողում Էրդողանի ձայնից, երբ լսում են Երևանից հնչող հայտարարությունները՝ թուրք-հայկական եղբայրության անայլընտրանքայնության մասին, պարզ է դառնում, թե ինչպիսի երկրի է այսօր վերածված Հայաստանի Հանրապետությունը: Եթե այն այնպիսին է, ինչպիսին որ է, հետևաբար՝ է՛լ ո՞րը պետք է լինի աշխարհի համար սովամահ լինող Արցախի արժեքը:
Այս նյութը դիտել են - 956 անգամ