Զինվորներից 15-ից 14-ը անշարժացած մահճակալների վրա են հայտնաբերվել. ՆԳՆ պաշտոնյա
2023-01-20 20:50:00
Զորամասի զորանոցում հրդեհի մասին ահազանգ ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարարները և սկսել են հրեհաշիջման աշխատանքներ։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը։
«Մինչ փրկարարների ժամանումը ՊՆ մեքենայով փորձել էին փլուզել պատը, որպեսզի մոտենային զինվորներին, այդպես է առաջացել առաջին փլուզումը։ Մյուս փլուզումը եղել է միջանցքի մուտքի մոտ, որտեղ հիմնական այրումն է եղել»,-հայտնել է Սարոյանը։
«Այդ շինության մեջ 21 հոգի են եղել, մինչ փրկարարների ժամանումը 6 հոգի իրենց ուժերով դուրս էին եկել, որոնցից 3 -ը տեղափոխվել են հոսպիտալներ։ Զինվորներից 15 -ից 14-ը անշարժացած մահճակալների վրա են հայտնաբերվել։ Ենթադրում եմ , անմիջապես ծխահարվել են, մեկ հոգի էլ մուտքի մոտ է հայտնաբերվել, փորձել է փրկվել, բայց չի ստացվել»,-նշեց Սարոյանը։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
https://armeniatoday.news/hy/incidents/574461/
Այս նյութը դիտել են - 890 անգամ