Տարիներ առաջ էր. մի օր ասացին` ասա՛, որ մածունը սև է
2022-11-09 10:59:00
Այն երկու տարի առաջը, որ նոյեմբերի 9 է համարվում, և դրանից առաջ` այն բոլոր օրերը պատերազմական, շատ մոտիկ եմ զգում ամեն օր, ամեն ժամ... 
Ժամանակի առումով օրերն անցնում են, բայց ամեն նոր օրվան վատթարագույնն է այցելում մեզ, սպասումը կրկնապատկվում է, ոտքի վրա սպառվում ենք, բայց հույսներս չենք մարում։ 
Երբ երկինքը փլվում էր գլխներիս, երկիր հանձնողներն ավելի ամուր կառչեցին իրենց աթոռներին։ Այսօր էլ կառչած են, բայց հետո՞...
Տարիներ առաջ էր։ Մի օր ասացին` ասա՛, որ մածունը սև է։ Զարմացա, բայց ինչպե՞ս... Ես պատժվեցի` շուտով զրկվելով այս կյանքում երջանիկ ապրելու երազանքից։ Ու այդպես էլ իմ երևակայության արտացոլանքում մեկընդմեջ մնաց սպիտակ մածնի սևացած գույնը։
Արդեն քանի տարի մեր ունկերում արձագանք է տալիս աներևակայելին, թվում է` ծանրանում է մեր լսելիքը սև մածնի մասին պատմություններով, ու շնչասպառ եղած գոյատևում ենք, երբ աղաղակն ենք լսում մածնի սև գույնի լինելության մասին։
Այս վերջին տարիներին ականջներ խլացրին, աչքեր կուրացրին, լեզու համրացրին` համոզելով, խաբելով, շողոքորթելով...
Երկիր ենք կորցնում հիմա էլ, բայց արձագանքն ենք լսում երկիր հանձնողների աղաղակների, որ համոզում են ամենուր, թե մածունը սև է... Ու այդ սևացած մտքերով էլ մեզ անդունդն են տանում, երբ մեր հայացքը ձյան ճերմակություն ունեցող մաքրամաքուր մածնի վրա է...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1513 անգամ