Օպերացիա «Հակակոռուպցիա». ովքե՞ր և ինչո՞ւ են հայտնվել թիրախում
2022-11-03 09:30:00
 Արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, ըստ որի՝ առաջիկայում ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատրաստվում է խորհրդարան մտնել «Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյաինին, Արմեն Չարչյանին և Վահե Հակոբյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդությամբ, Սեյրան Օհանյանն ասել է, որ չի պատրաստվում թաքնվել պատգամավորական անձեռնմխելիության տակ՝ ենթադրելով, որ իշխանությունների համապատասխան մտադրությունները պայմանավորված են ներքաղաքական պրոցեսներով:
Ինչպես հայտնի է, Հայաստանում իբր ծավալվող հակակոռուպցիոն պայքարն ի սկզբանե կրել է ներքաղաքական ենթատեքստ: Նախկինում իշխանություն հանդիսացած, իսկ հիմա ընդդիմություն դարձած անձանց «ապօրնի ծագման» գույքի մասին ՔՊ-ականներն ու նրանց սպասարկող կառուցակարգերը հիշում են գրեթե բացառապես այն ժամանակ, երբ ընդդիմությունը սկսում է քաղաքական ակտիվություն դրսևորել՝ «ձեռնոց նետելով» Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
Ինչպես հայտնի է, ընդդիմությունը պատրաստվում է ցույցի դուրս գալ՝ ի աջակցություն արցախահայության արդար պահանջի: Երևանյան ցույցը շատ իմաստներով լինելու է արցախյան ցույցի հայաստանյան արձագանքը, որը թույլ է տալու նախևառաջ արտաքին աշխարհին ուղերձ հղել առ այն, որ հայ ժողովուրդը մտադիր չէ ծնկել թուրքի առաջ և հետամուտ է լինելու իր մի հատվածի արդար պահանջների իրագործմանը:
Մինչդեռ իշխանություններն այդպես էլ պատշաճորեն չեն արձագանքել Արցախում տեղի ունեցածին, իսկ որոշ ՔՊ-ականներ էլ այս օրերին իրենց հարցազրույցներում ամեն կերպ փորձել են նսեմացնել Ստեփանակերտի հանրահավաքի նշանակությունը՝ հերթական անգամ Արցախից «ձեռքերը լվանալով»:
Կասկած չկա, որ Հայաստանի երեք պատգամավորի նկատմամբ հետապնդում սկսելու մտայնությունը կապ ունի Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ: Իշխանությունները, հասկանալով հանրային իրական տրամադրությունները, վախենում են, որ ընդդիմության ցույցերը կարող են իսկապես հուժկու ստացվել՝ սասանելով Նիկոլ Փաշինյանի աթոռը: Ուստի հիմա ամեն կերպ փորձելու են կազմակերպիչներին ու ընդդիմության կարևոր դեմքերին նախապես լիկվիդացնել կամ շանտաժի ենթարկել՝ հույս ունենալով, որ այդպես կկարողանան հերթական անգամ հիասթափություն առաջ բերել բողոքավոր հանրության մոտ, ի ցույց դնել ընդդիմության անսկզբունքայնությունը:
Բայց իշխանությունները, եթե, այնուամենայնիվ, իսկապես ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները հավաստի են, ստիպված են լինելու հիասթափվել, քանի որ եթե նույնիսկ բոլոր պատգամավորներին էլ շղթայեն, դրանից ներհասարակական տրամադությունները չեն փոխվելու, ավելին՝ է՛լ ավելի են գրգռվելու, քանի որ ի ցույց են դնելու իշխանությունների դեմքը, այն, թե ինչ իրական նպատակներ են նրանք հետապնդում՝ ջանալով թաղել արցախյան հիմնախնդիրն Ալիևների հողամասում:
Այս նյութը դիտել են - 1473 անգամ