«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանին մեղադրող դատախազը ստիպված է հեռանալ
2022-10-04 02:22:00
 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա առաջիկայում ազատման դիմում կգրի:
Բանն այն է, որ նա գլխավոր դատախազությունում տեւական ժամանակ տպավորություն է ստեղծել, թե բարձրակարգ դատախազ է, եւ քանի որ ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազի պարտականությունները, ուստի անձեռնմխելի է:
Ավելին՝ դատախազության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգում պատկեր է ստեղծել, թե քաղաքական իշխանություններն իր թիկունքում են, սակայն Աննա Վարդապետյանի նշանակումով իրավիճակը փոխվել է: Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին հասկացրել են, որ նա, լինելով «բարձրակարգ իրավաբան», ձախողեց Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված «Մարտի 1»-ի գործով մեղադրանքը, քանի որ ՍԴ-Ն այն հակասահմանադրական ճանաչեց:
Նկատենք, որ բարձրակարգ իրավաբանները երբեմն նաեւ բարձրակարգ ձեւով տապալում են մեղադրանքները, որ լինելով բարձրակարգ իրավաբան ի սկզբանե նա չէր կարող չիմանալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հակասահամանդրական բնույթը եւ դատարանում կուրծք ծեծելու տպավորություն ստեղծելու փոխարեն,ընդամենը կարող էին գոնե մեղադրանքը ձեւակերպել օրենքին համապատասխան։
Գեւորգ Բաղդասարյանի եւ Աննա Վարդապետյանի ներքին հակադրությունները սկսվել են սեպտեմբերի 2-ից հետո:
Աննա Վարդապետյանը ցանկացել է իր տեղակալ բերել եւ նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գեւորգյանին։ Գեւորգյանը դիմում է ներկայացրել որակավորման հանձնաժողով եւ քննություն հանձնել, սակայն քննությունը ընթացել է լարված մթնոլորտում, եւ Հակոբյանին սեպտեմբերի 29-ին քննությունից կտրել են:
Պարզվում է՝ հանձնաժողովի նախագահը եղել է նախկին դատախազ Արթուր Դավթյանի հետ քավորսանիկական կապեր ունեցող Գեւորգ Բաղդասարյանը, որին չի ներվի հանդգնությունը: Հավելենք, որ Գեւորգ Բաղդասարյանի պաշտոնազրկման գործընթացի ծիլերը արդեն դատախազությունում նկատելի են, նրա ամենամտերիմներից մեկին Երեւան քաղաքի դատախազությունից տեղափոխել են մարզ՝ հասկացնելով, որ նախկին բարքերը ավարտվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 1085 անգամ