Նիկոլ Փաշինյանը կերակրում է ադրբեջանական քարոզչամեքենա՞ն
2022-10-01 20:55:00

 

Հայաստանում լայնորեն քննարկվում է Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը՝ հեռուստատեսային ֆորմատով, որի ընթացքում երկրի վարչապետը հնչեցրել էր բազմաթիվ վիճելի հայտարաությորններ: Ուշագրավը, սակայն, ոչ այնքան ներհայաստանյան արձագանքներն են՝ այդ հարցազրույցին, որքան՝ թշնամու արձագանքը՝ Փաշինյանի որոշ հայտարարություններին:
Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը, ցիտելով Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ոչ մի երկիր պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և կամ Հայաստանին միանալը՝ փաստ, որի հետ պետք է բոլորը հաշվի նստեն, հաստատել է ՀՀ վարչապետի խոսքը՝ հետևյալ գրառմամբ. «Yes, because #KarabakhisAzerbaijan!»:
Սա ուղղակի խայտառակություն է, քանի որ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, ցուցաբերելով ակնհայտ պարտվողական կեցվածք, կամա-ակամա կերակրում է ադրբեջանական քարոզչամեքենան՝ ամրապնդելով Բաքվի դիրքերը թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ անշրջելի դարձնելով այն իրողությունները, որոնք ձևավորվել են նոյեմբերի 9-10-ի չարաբաստիկ հայտարարության ուժով:
Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, «լվացել է ձեռքերն» Արցախից:
Իհարե, գուցե նա ճիշտ է, և աշխարհն իսկապես պատրաստ չէ՝ կասկածի տակ դնելու Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականությունը՝ անկախ ամեն ինչից, անկախ նույնիսկ արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգից, բայց դրա մասին հայտարարել ուղիղ եթերում, ուղղակի աններելի սայթաքում էր՝ եթե, իհարկե, գործ չունենք նախապես լավ մտածված ակտի հետ:
Պետք է ցավով արձանագրել, որ վերջին տարիներին հայաստանյան պաշտանական շրջանակներից հասցրել են հնչել այնպիսի հայտարարություններ, այնպիսի ադրբեջանանպաստ խոսքեր,որ ցանկության դեպքում Բաքուն կարող է դրանք ցանկացած պահի օգտագործել ընդդեմ հայկական պահանջատիրության՝ առնվազը քարոզչական դաշտում ջախջախելով Հայաստանի դիրքերը, զրկելով Հայաստանին պայքարի հետագա իրավունքից կամ այդ պայքարի իրավական հիմնավորումից:
Մինչդեռ ժամանակին ինչ-որ մեկը հենց Արցախից Ղարաբաղը Հայաստան էր հռչակում, «ուժեղ տղա» ձևանում:
Այս նյութը դիտել են - 1160 անգամ