Սրանք չգիտեն, թե ինչ բան է պատմությունն ու մշակույթը...
2016-02-20 19:13:00

Լուրն այն մասին, որ Երևանի Ամիրյան 2 հասցեում սկսել են ապամոնտաժվել Երևանի մշակութային արժեքներից մեկը՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը, անակնկալի բերեց քաղաքացիներին: Պատճառն այն չէր, որ նման բան երբեք չէր եղել: Իրականում ճիշտ հակառակը՝ քանդված պատմական շենքերի թիվն արդեն այնքան մեծ է, որ զայրույթը պիտի դրսևորվեր առանց զարմանքի: Սակայն ընդամենը մեկ-երկու օր առաջ էր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը վստահեցրել, որ այլևս նման բան չի կրկնվի, միայն ծայրահեղ դեպքում երևանյան հին շենք կքանդվի, իսկ ինքն անձամբ դեմ է այդպիսի շենքերի քանդմանը: Ստացվում է, որ Նարեկի ծայրահեղը ավելի շուտ վրա հասավ, քան դա կցանկանար ծայրահեղացված նախարարը: Բայց ի՞նչ կարող ես անել, այդպիսին է նրա աշխատանքը:

Իսկ այդ ընթացքում, լսելով վանդալիզմի մասին, քաղաքացիական ակտիվիստներն ու լրատվամիջոցները շատ արագ հասան դեպքի վայր ու նրանց հաջողվեց կանգնեցնել ապամոնտաժման աշխատանքը: Քանդարարները դադար են տվել, սակայն չկա վստահություն, որ չի կատարվի այն, ինչ կատարվեց Արամի 30 հասցեում գտնվող շենքի հետ: Այսինքն միշտ էլ կարելի է գիշերով գաղտագողի ավերակների վերածել պատմական կառույցը, առավել ևս, որ բոլորը միաձայն հրաժարվում են հասարակությանը հայտնել սեփականատիրոջ ու ապամոնտաժումն իրականացնող կազմակերպության անունները:

Ըստ էության, գրադարանի նախկին շենքը դատապարտված է: 7 տարի է անցել այն օրից, ինչ գրադարանը Ամիրյան 2 հասցեից տեղափոխվել է Նալբանդյան 4/1 հասցե` երկու տարի հետո վերադառնալու պայմանով: Հիշենք նաև, որ ի սկզբանե ասվում էր, թե շենքը մշակութային արժեք է և պահպանված հատվածի շուրջը պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ իր հարկաբաժինը կունենա նաև գրադարանը:

Չի ունենա: Դատարկ տեղում հարկաբաժիններ չեն լինում: Դատարկության մեջ կարող է այժմ լինել միայն այն, ինչ կհրամցնեն Նարեկ Սարգսյանն ու նրա պատվիրատուները: Իսկ սրանք չգիտեն, թե ինչ բան է պատմությունն ու մշակույթը:
 
shame.am

Այս նյութը դիտել են - 1362 անգամ