ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը եղել է քաղաքացիների պահանջով եւ փակ էր լուսաբանման համար
2022-09-19 23:26:00

 hraparak.am

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքացիների միջեւ: Այն կազմակերպվել էր քաղաքացիների պահանջով եւ փակ էր լուսաբանման համար` լրագրողներին թույլ չտվեցին մտնել դահլիճ: Ռ. Քոչարյանն էլ շենք էր մտել կինոթատրոնի հետնամուտքից: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ` Արամ Վարդեւանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը:
Թեպետ հանդիպումը փակ էր լուսաբանման համար, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց որոշ մանրամասնել ճշտել ներսից: Քոչարյանին քաղաքացիներից մեկը հարց է տվել, թե երկրորդ նախագահը երբ է պատրաստվում վերադառնալ, առաջնորդել ժողովրդին ու հանել երկիրն այս ծանր վիճակից:
«Դուք ասում եք, որ ես կրկին պիտի առաջնորդ դառնամ, գնանք առաջ: Սակայն այն, ինչ ասում եք, ես վստահ չեմ, որ արտացոլում է իրական պատկերը, այսինքն` արդյոք բոլո՞րն են այդ կարծիքին, թե՞ ոչ: Եթե իսկապես այդպես է, ապա՝ այո, իմ ժամանակն է, ես պիտի դրոշը վերցնեմ ու առաջ տանեմ»,- պատասխանել է Քոչարյանը ` հավելելով, որ այս պահի դրությամբ ինքը չունի հստակ գնահատական, թե ինչպես է տրամադրված ողջ ժողովուրդը: «Հասկանո՞ւմ եք, որ հիմա ես այդ գնահատականների մեջ սխալվեմ, հերթական անհաջողությունն ենք ունենալու, հետո բոլորդ ինձ ասելու եք, թե ինչու այսպես եղավ: Դուք ինձ հետո ասելու եք` Դուք էիք առաջնորդը, դուք չպիտի առաջնորդվեիք էմոցիաներով: Եթե իրոք այդ գնահատականը ճիշտ է, որ ժողովուրդը զարթնել է, ապա, այո, մենք կսկսենք, կսկսենք լրիվ ուրիշ տեմպով ու ուրիշ կարգախոսներով»,- հավելել է նա, ինչից հետո քաղաքացիներից մեկը հակադարձել է. «Պրն նախագահ, եթե ժողովուրդը 44-օրյա պատերազմից հետո չզարթնեց, էս ամեն ինչից հետո չզարթնեց, չեմ կարծում, որ հիմա զարթնելու է, նրանք տենց էլ քնած մնալու են: Հիմա մենք ինչի՞ պիտի նստենք սպասենք, որ էդ ամբոխը, էդ զոմբիները զարթնեն ու որոշեն մեր հայրենիքի ապագան: Նրանք չեն զարթնելու, նրանք մնալու են այդպես թրքահպատակ: Մենք պիտի հիմա չնայենք նրանց զարթնելուն կամ չզարթնելուն: Դուք մեզ հիմա ասեք`մենք ինչ ենք անելու, ինչ պիտի անենք, գնանք անենք՝ մեզնից ինչ հասնում է»:
«Նախ՝ համաձայն չեմ, որ դուք ոչինչ չեք արել, դուք այս ողջ ընթացքում պայքարել եք: Այս իշխանության 90 տոկոսից ավել վարկանիշն իջել է բավականին՝ հենց նաեւ ձեր պայքարի արդյունքում: Ինչ վերաբերում է նրան, թե ժողովուրդը կզարթնի, թե ոչ, ուզում եմ նկատենք, որ նրանք եւս մեր ժողովրդի մի մասն են, ես երբեք չեմ կարող պիտակավորել մարդկանց, նրանք մեզնից մեկն են»,- պատասխանել է Քոչարյանը եւ հարց է հնչեցրել. «Ժողովուրդ, ուզում եմ ձեզ մի հարց տալ` ո՞վ գիտի այստեղ հավաքվածներից ԳՇ պետի անունը, կորպուսների հրամանատարներից մեկի անունը, այսքան մարդ կա հավաքված: Անգամ ես շատերի անունները չգիտեմ: Բա պատերազմի մեջ գտնվող երկրի բանակի հրամանատարների անունները եթե ժողովուրդը չգիտի, ապա սա նշանակում է, որ բանակի հետ ժողովուրդը հույսեր չի կապում։ Նրանց փոխում են թաշկինակի հետ: Այս մարդկանց կարծիք ունեցող, պինդ մարդիկ պետք չեն: Առաջին պատերազմում մեր բանակի բոլոր հրամանատարների անունները բոլորը գիտեին, մարդ չկար, որ չիմանար: Բանակը վարկաբեկել են, բոլորին փոխել են: Ռազմական դաշտում մենք հաջողություններ չենք ունենալու, քանի դեռ վիճակն այսպիսին է: Թշնամին էլ է մեզ նայում հիմա այլ աչքով: Մինչեւ այս պատերազմը ողջ Տավուշը գիտեր կորպուսի հրամանատար Խաչատուրովին, նրան հանեցին, չկա»։
Հանդիպումն ընթացել է լեփ-լեցուն դահլիճում, ոմանք կանգնած են եղել, մի մասը մնացել է դրսում: ՀՀ երկրորդ նախագահն առաջիկա օրերին մամուլի ասուլիսով հանդես կգա։
Այս նյութը դիտել են - 1951 անգամ