Հանուն Թուրքիայի Սփյուռքին ուրանալու ճակատագրական հետևանքը
2022-09-16 18:56:00

Պատերազմի հենց ամենասկզբից Անկարան շտապեց իր լիարժեք աջակցությունը հայտնել Ադրբեջանին. Թուրքիայի բարձրաստիճան պետական այրերը՝ սկսած Էրդողանից, անմիջապես ողջունեցին Բաքվի ագրեսիան՝ հայտարարելով, որ Բաքվի պահանջները միանգամայն արդար են, և Թուրքիան կանգնած է իր եղբոր կողքին:
Թուրքիայի վարքագիծն ադեկվատ մարդկանց համար, իհարկե, անակնկալ չի կարող համարվել, իսկ հարցերը, որոնք առաջ են գալիս՝ թուրքերի արտահայտած կեցվածքի հետ կապված, նախևառաջ ուղղված են Հայաստաին՝ կապված վարվող թրքամետ քաղաքակնության հետ:
Հարց է առաջանում՝ եթե Թուրքիան դրսևորում է նույն վարքագիծը, ինչ 44-օրյա պատերամզի ժամանակ, ապա այդ պատերազմին հաջորդած փուլում Հայաստանի՝ Թուրքիայի հանդեպ որդեգրած քաղաքականությունն ինչո՞վ պետք է արդարացնել:
Ռուբեն Ռուբինյանի ու Քըլըչի բազմաթիվ հանդիպումների ու հեռախոսազրույցների արդյո՞ւնքն է սա:
Հայաստանը, շատ ցանկանալով կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ըստ էության, նվազագույն մակարդակի է հասցրել Սփյուռքի հետ հարաբերությունները, որը Թուրքիայից հիմնական պահանջատերն է: Դա արվել է, ըստ էության, շահելու Թուրքիայի որոշակի չեզոքությունը, չեզոքացնելու Անկարայից եկող վտանգը՝ չնայած իշխանություններն այդպես էլ չկարողացան մինչև վերջ բացատրել, թե ինչպես կարող է Թուքիայի առաջ ծնկելը բերել Թուրքիայի հետ մերձեցման:
Արդյունքում Հայաստանը ոչինչ չշահեց, այլ ընդամենը կոտրեց իր ողնաշարն ու սեպ խրեց Սփյուռքի հետ հարաբերություններում՝ հարաբերություններ, որոնց բարձր մակարդակը կարող էր այսօր օգնել Երևանին՝ միջազգային հանրութան կողմից ստանալու ավելի մեծ ու հստակ աջակցություն:
Հետաքրքիր է՝ այսքանից հետո է՞լ են իշխանությունները խոսելու Թուրքիայի հետ հարաբերությունների՝ ամեն գնով կարգավորելու անհրաժեշտության մասին, այսքանից հետո է՞լ են Սփյուռքի հետ հարաբերությունները տորպեդահարվելու՝ հանուն աննյութական ինչ-որ բանի, որն երբեք չի ռեալիզացվելու:
Հայաստանը պատերազմից պետք է լրջագույն դասեր քաղի, եթե, իհարկե, կարողանա այն վերապրել, քանի որ դատելով ամեն ինչից ՝ պատերազմը հետզհետե սկսում է կրել գոյաբանական մասշտաբներ, և բնավ պարզ չէ՝ կհաջողվի՞, արդյոք, այս անգամ հաղթահարել ազգային մեծ արհավիրքը, թե՞ Հայաստանի բնակչությունն ինքը կդառնա Սփյուռքի մի մասը՝ երկիրը թողնելով թշնամու ողորմածությանը:
Այս նյութը դիտել են - 813 անգամ