Եվրոպայից արտաքսում են ապօրինի ներգաղթած հայերին. Հարավային Ֆրանսիայի միությունների համակարգող մարմնի հայտարարությունը
2022-08-18 14:53:00
Հարավային Ֆրանսիայի Prefecture Alpes Maritimes նահանգի նահանգապետ Mr. Bernard Gonzales-ը հանդիպում է ունեցել Ֆրանսիայում Հայ համայնքների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.
1․ Սփյուրքահայերի` Հայաստան մուտք գործելու արգելքը. թե ինչու և ինչպես է Հայաստանի ղեկավարությունը հետապնդում կամ անհիմն մեղադրանքներ փնտրում, որպեսզի սփյուրքահայությանը կտրի Հայաստանից, այն էլ այս պահին, երբ Հայաստանը Սփյուրքի օգնության կարիքն ունի։
2․ Քննարկվել են Ֆրանսիայում գտնվող հայաստանցի փախստակաների և, ամենակարևորը, անօրինական Ֆրանսիա մուտք գործած Հայաստանի քաղաքացիների հարցը։
Այսօրվա դրությամբ հայաստանցի ընտանիքներն արտաքսվում են Ֆրանսիայից։ Նահանգապետն իր վրա է վերցրել ճանապարհածախսը և երբ այդ ընտանիքները հասնեն Հայաստան, Ֆրասիայի դեսպանատնից կարող են ստանալ ևս երկու հազար եվրո օգնություն։
Ֆրանսիաի Հայ համայնքը դիմում է բոլոր այն հայերին, ովքեր կփորձեն անօրինական եղանակով, որոշակի վճարի դիմաց կամ այլ միջոցներով վիզա հայթայթել, կամ այլ կերպ մուտք գործել Ֆրանսիա։
Դուք նույնպես ենթակա եք լինելու արտաքսման, չսպասեք որևէ օգնության։ Մի հավատացեք ձեզ խաբողներին ու սարեր խոստացողներին։ Նրանք, ստանալով ձեր փոխանցած դրամը, չեն կարողանալու տեր կանգնել ձեզ և ձեր ընտանիքին։
Որոշումը միայն Հայերին չի վերաբերում։ Այն վերաբերում է բոլոր ազգերին և գործում է Եվրոպական Միության բոլոր երկրներում։ Եվրոպան ճգնաժամի մեջ է և ի վիճակի չէ ընդունել և ապաստան տրամադրել ապօրինի ճանապարհով Եվրոպա մուտք գործած մարդկանց կամ փախստականներին։
Մենք զգուշացնում ենք մեր Հայրենակիցներին՝ չվաճառել իրենց տները, չխաբվել դրամաշորթների խոստումներին, չլքել Հայաստանը` հույս ունենալով թե դրսում իրենց լավ կյանք է սպասվում։
Հարավային Ֆրանսիայի համակարգող մարմինը մտահոգված է մեր Հայ ժողովրդի համար և խնդրում է, որ այս պահին դուք ճիշտ կողմնորոշվեք։ Հայրենիքը լքելու, Հայրենիքից փախչելու փոխարեն ուժ հավաքեք, ձեր երկիրը ձեր ձեռքերով փոխեք դեպի լավը, ստեղծեք այնպիսի երկիր, որից բաժանումը կլինի տառապանք, իսկ միացումը` երազանք։

Հարավային Ֆրանսիայի միությունների համակարգող մարմին

Այս նյութը դիտել են - 2528 անգամ