Ի՞նչ վերհանեց ողբերգությունը
2022-08-15 03:40:00
Սուրմալուում» կատարվածը, որի հետևանքով զոհերի թիվը դեռ շարունակում է աճել (փլատակների տակ բազմաթիվ մարդիկ կան մնացած) ևս մեկ փորձություն դարձավ՝ ոչ միայն նետված պետական կառավարման համակարգին՝ պարզելու դրա արդյունավետությունն ու ֆորսմաժորային իրավիճակներում ադեկվատության աստիճանը, այլև՝ հայ հանրությանն ու դրա ամեն մի մասնիկին՝ չափելու ունեցած արժեհամակարգն ու ընդհանուր ցավը կիսելու ընդունակությունը:
Համացանցում հայտնվել են կադրեր, լուսանկարներ քաղաքի այգիներից մեկում ողբեգության նույն օրը՝ երեկոյան, կայացած «փարթիից», որտեղ երևում է՝ ինչպես են բազմաթիվ մարդիկ բարձր երաժշտության տակ զվարճանում, երգում ու պարում այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել, ողբերգություն տեղի չի ունեցել, երկիրն էլ ծաղկում է:
Իհարկե, սխալ կլիներ որոշակի թվով մարդկանց վարքը համարել հանրային բարոյականության չգոյության ապացույց կամ դրա խիստ ցածր մակարդակի վկայություն, բայց խնդիրն այն է, որ նույն հայ հասարակությունն առաջին անգամ չէ, որ բախվում է նման ոչ միանշանակ իրավիճակի. պատերազմից ու ահռելի զոհերից, հայրենիքի մի մասի կորստից հետո անգամ,երբ թվում էր անհնար է ինչ-որ բանից զարմանալ, անծայրածիր դարձած Եռաբլուրի ֆոնին մարդկանց գերակշիռ մասը չվարանեց սալյուտախառը նոր տարի նշել, ուրախանալ լիաթոք ու միմյանց բարգավաճում մաղթել:
Հիմա գրեթե նույն բանն է կրկնվում՝ մի փոքր ավելի փոքրամասշտաբ դրսևորմամբ, ինչը, իհարկե, լրջագույն հետևությունների տեղիք չի կարող չտալ:
Ի՞նչ հասարակություն ենք մենք և որո՞նք են մեր նարատիվները, արժեհամակարգն ու տեսլականը: Ցավոք, ավելորդ անգամ համոզվում ես, որ ո՛չ նարատիվ ունենք, ո՛չ էլ միմյանց կարեկցանքի կուլտուրա. ամեն մարդ իր գլխի տերն է, ամեն մարդու դարդուցավ բացառապես իրենն է:
Իրականությունն այն է, որ նման հասարակություն ունեցող երկրներն երբեք չեն հասել ու չեն հասնի բարձունքների, արժեքավոր ձեռքբերումների: Երկիրը մարդիկ են, երկիրը ծառն ու ճնճղուկը չէ:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 683 անգամ