Սուրեն Պապիկյանի «փափուկ բարձը»
2022-07-06 15:25:00

Պատասխանելով երկուշաբթի օրը Խաչիկ գյուղի ուղղությամբ երկու ժամ տևած ադրբեջանական զինուժի կրակոցներին առնչվող հարցին՝ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, թե հարկ չկա կրակոցները դարձնել մեծ խնդիր. դրանք պատերազմի վերսկսման նախանշաններ չեն և հաճախ են հնչում:
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր հռետորաբանությունը. ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել սպառնալիքներ, «Զանգեզուրի միջանցքի» անխուսափելիության մասին հայտարարություններ՝ համեմված պատերազմական հռետորաբանությամբ:
Գումարած այս ամենին՝ գրեթե ամեն օր հայկական ՊՆ-ն ստիպված է լինում հերքել ադրբեջանական ՊՆ-ի՝ հայկական ագրեսիայի մասին կեղծ հայտարարությորնները, ինչը նշանակում է, որ Բաքուն սկսել է ավելի ակտիվորեն բզբզալ՝ լեգիտիմ հիմքեր գտնելու ռազմական գործողություններ հրահրելու համար:
Ի դեպ՝ այս մասին իր ասուլիսում խոսել էր նաև վարչապետ Փաշինյանը՝ նախազգուշացնելով պատերազմի վտանգի մասին:
Որտեղի՞ց է գալիս Սուրեն Պապիկյանի վստահությունը, թե դիցուք Խաչիկի ուղղությամբ հնչած կրակոցներն անհանգստացնող չեն կամ պատերազմի նախերգանք չեն: Կարո՞ղ է կրկնվել 44-օրյա պատերազմի պատմությունը, երբ մինչև վերջին օրը ՀՀ իշխանությունները հերքում էին պատերազմի հավանականությունը՝ դրա բռնկումից առնվազը մի քանի օր առաջ հաստատ իմանալով՝ պատերազմ է լինելու:
Այսինքն՝ ժողովրդի «գլխի տակ փափուկ բարձ էին դնում» պատերազմից առաջ ու դրա ընթացքում, իսկ հետո պարզվեց, որ ոչ միայն պատերազմ եղավ, այլև դրա արդյունքը հայրենիքի կորուստը դարձավ՝ արծրունհովհաննիսյանական մարազմի ներքո:
Փաստն այն է, որ հետպատերազմյան փուլում բանակի իրական վերականգնման, վերազինման համար արվել են չափազանց նվազ քայլեր: Եթե այսօր Ադրբեջանը հարձակվի, հեշտությամբ կարող է ճեղքել հայկական պաշտպանությունը հատկապես այն դեպքում, եթե ՀՀ-ին օգնության չշտապի ՀԱՊԿ-ը: Բայց իրավիճակի ողջ ողբերկանությունն էլ նրանում է, որ նույնիսկ վստահություն չկա՝ իշխանությունների՝ ՀԱՊԿ-ին դիմելու պատրաստակամության հարցում:
Մնում է հուսալ, որ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում կդասավորվի այնպես, որ պատերազմն ուղղակի անհնար կլինի, հակառակ պարագայում դժվար թե հնարավոր լինի հույս դնել Սուրեն Պապիկյանի վրա:
Այս նյութը դիտել են - 1372 անգամ