«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի» .Նիկոլ Փաշինյան
2022-05-24 23:43:00
hraparak.am.Նիկոլ Փաշինյանը խոստովանահոր մոտ չի մեղա եկել ու ասել․
«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ 
Դա ասել է հազարավոր զոհերի ծնողների՝ կարող էր փրկվել քո տղան, եթե կանխեինք։ Դա ասել է հայ ժողովրդին՝ կարող էի փրկել ազգի ոսկե գենոֆոնդը կորստից, եթե կանխեինք։ Դա ասել է համայն հայությանը։ Զավեշտը  այն է, որ նա իր խոսքը լսելի է դարձրել գլխավոր դատախազությանը, քննչական կոմիտեին, իրավական բոլոր կառույցներին։ 
․․․Ու ի՞նչ է թվում Նիկոլ Փաշինյանին։ Բոլորը պիտի ասեն՝ ներու՞մ ենք որդյակս, որ չկանխեցիր։ Ներու՞մ ենք, որ մեր ասլան տղաներից մի բուռ ոսկոր տվիր։ Ներու՞մ ենք, որ հայի կարմիր- կանաչ արևը խավարեցրիր։ 
Գլխավոր դատախազը խոստովանահայ՞ր է, որ նման ինքնախոստովանություն լսելուց հետո, ասի՝ տեր եմ , որդյակս։ Նման խոստովանությունից հետո եթե դատախազությունը կամ այլ պատասխանատու իրավական կառույց  լռեն, ուրեմն հետագայում իրենք կճանաչվեն խոստովանած հանցագործությունը պարտակող կառույցներ։ Խոսքը տասնյակ հազարավոր զոհերի ու հաշմանդամների մասին է։ Այդ մասին չգիտե՞ր Փաշինյանը կամ նրա տերերը։ Իհարկե, բոլորից լավ գիտեին։ Ուրեմն ինչու՞ «խոստովանեց»։ Այդ հարցը երբևէ տվե՞լ եք ձեզ։ Գուցե փոթորկի յոթերորդ ալիքի դեպքում, նավը փրկելու վերջին խարիսխը դա՞ լինի։ Ամենաանվտանգ տեղն է։ 
Հայաստան աշխարհը մեծ վտանգի առաջ է կանգնած ու այդ ինքնախոստովանությունը պատահական լինել չի կարող։ Եվ դա չհամարեք Փաշինյանի հերթական «սպրդած մի արտահայտություն»։ Մենք ականատես ենք լինելու այդ արտահայտությունն անելու հայաստանյան լուրջ փոթորիկների, երբ հարկ է լինելու՝ տեր ենք որդյակս խարիսխը ձգել․․․
Այս նյութը դիտել են - 3985 անգամ