Ցեղասպանությունը ճանաչվեց. Հայաստանը կշահի՞ դրանից
2022-05-06 10:51:00

ԱՄՆ Միսիսիպի նահանգի կողմից Ցեղասպանության ճանաչումը եկավ ամբողջականացնելու ԱՄՆ նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչման շրջանակը: Ինչպես հայտնի է, Ցեղասպանությունը ճանաչել են նաև Միացյալ Նահանգների Կոնգրեսի 2 պալատները և ԱՄՆ նախագահ Բայդենը:
Սա, անկասկած, չափազանց ուրախալի հաղթանակ է, և ամրագրում է ԱՄՆ-ի՝ աշխարհում մարդու իրավունքների ու, առհասարակ, արդարության պաշտպանության հարցում ունեցած առաջատար դերը: Սա հաղթանակ է ողջ հայ ժողովրդի համար, սա հաղթանակ է առաջադեմ մարդկության համար:
Միաժամանակ, սակայն, ամեն մի հաղթանակ ունենում է ոչ միայն իր բարոյական, այլև պրակտիկ կողմը: Միանշանակ է, որ ճանաչումը, բացի բարոյական կարևոր հաղթանակ հանդիսանալուց, ունի նաև պրակտիկ մեծ նշանակություն՝ նկատի ունենալով հատկապես Հայաստանի շուրջ ստեղծված այն բարդ իրավիճակը, որին ականատես ենք դառնում հետպատերազմյան փուլում: Սա ԱՄՆ աջակցությունն է Հայաստանի ժողովրդին ու պետությանը՝ չհաշված Սփյուռքը:
Ցավն այն է, սակայն, որ այսօր հայ ժողովուրդն ու դրա հայաստանաբնակ հատվածը խնդիր ունի ոչ թե միջազգային հանրության կամ քաղաքակիրթ մարդկության հետ, այլ՝ սեփական կառավարության: Աթոռին մի մարդ է, մի թիմ, որոնց վարած քաղաքականությունը ոչ միայն ներքին, այլև արտաքին դաշտում, խիստ անհասկանալի է մնում: Ասվածը հատկապես տիպիկ է նույն հայ-ամերիկյան, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առումով: Սփյուռքն իր գործն անում է, բայց փոխարենը գովերգվելու, հալածվում է, իսկ հալածողն էլ ասենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է՝ մեկը, որը բացի անգլերեն խոսելուց, ուրիշ ոչնչով աչքի չի ընկնում: Մինչդեռ դիվանագետի աշխատանքը պրակտիկորեն հավասարեցված է ուժայինների աշխատանքին, սպայական գործին, որից այդ տիկինը ոչինչ չի հասկանում: Հայաստանը խնդիր ունի կապիտալիզացնելու ԱՄՆ հայանպաստ քայլերը, բայց Փաշինյանի վարչակազմը ցույց է տվել, որ այդ հարցում կատարյալ ապիկարություն է դրսևորում ու անմեղսունակություն:
Իհարկե, իշխանությունների կողմից փորձեր կլինեն նույն ԱՄՆ նահանգների կողմից Ցեղասպանության լիարժեք ճանաչումը պայմանավորել ասենք Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կամ դեսպան Մակունցի աշխատանքով, բայց բոլորը պետք է իմանան, որ այդ սուբյեկտները որևիցե առնչություն չունեն Ցեղասպանության ճանաչման փաստի հետ: Դա բացառապես ԱՄՆ հայկական կառույցների, Սփյուռքի անխոնջ ջանքերի արդյունք է, իսկ կոնկրետ Մակունցը դրան միայն խոչընդոտել է, և վկան պայքարող սփյուռքահայ երիտասադների վրա ոստիկան բերելն է: Այս առումով Մակունցի համար ճանաչումը ոչ թե ուրախալի, այլ թերևս խիստ տրագեդիկ իրադարձություն է, քանզի տեղի ունեցածը հակասում է թուրքական շահերին, իսկ թե ում շահերն է Մակունցը սպասարկում ԱՄՆ-ում, հայտնի է գրեթե բոլորին:
Այս նյութը դիտել են - 788 անգամ