Եթե հարազատները մասունքները հուղարկավորելու որոշում չկայացնեն, ինչ-որ պահի կառավարությունն ինքը կհուղարկավորի
2022-03-14 15:30:00

Այո, մենք ունենք դեպքեր, երբ նույնականացվել են զոհված զինծառայողի մասունքները, այդ արդյունքները կրկնակի, երբեմն եռակի անգամ այլ երկրներում հաստատվել են, եւ դեռ հարազատները պատրաստ չեն վերցնելու աճյունները եւ հուղարկավորություն իրականացնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մինչեւ այս պահը թե Հոլադիա, թե Մոսկվա, Վրաստան, Գերմանիա, էլի մի շարք երկրներ ուղարկվել են լրացուցիչ հետազոտության այդ նմուշները եւ դրանք բոլորը 100 տոկոսով համապատասխանել են Հայաստանում տված արդյունքներին»,-ասաց նա՝ չցանկանալով նշել, թե քանի այդպիսի մասունք ունեն:
Հարցին, թե դեռ որքան կարող են պահել այդ մասունքները, արդյոք դա խնդիր չէ եւ արդյոք Կառավարությունը կարող է ինքնուրույն որոշել եւ հուղարկավորել այդ մասունքները, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Քանի որ դա բավական ծանր ընթացք է եւ կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու եւ հուղարկավորելու որոշում կայացնելու, բնայց մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակ հետո մենք պետք է անդրադառնանք այս հարցին եւ հուղարկավորենք անհատական գերեզմաններում: Եղբայրական գերեզմանի մասին խոսք չկա»:
Այս նյութը դիտել են - 2041 անգամ