Ով և ինչու է թույլատրել դղյակի վաճառքը… «Ազատություն»
2022-03-11 17:59:00
 
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է վաճառել Մոնումենտում կառուցած շքեղ առանձնատունը, թեև դատախազությունը դեռ երկու տարի առաջ արգելել էր Կադաստրի կոմիտեին դրա շուրջ որևէ գործարք կատարել։
«Ազատությունը» փորձել է Գլխավոր դատախազությունից պարզել՝ ով և ինչու է թույլատրել դղյակի վաճառքը, որի ձեռք բերման օրինականությունը տարիներ շարունակ կասկածի տակ էր դրվում՝ ամենաբարձր մակարդակով։ «Որովհետև դա ուղղակի… արհամարհանք ա հանրության, հանրային կարծիքի և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։
Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, էդ կառույցներն արել են ապօրինի», – 2020-ի փետրվարին սա էր հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրանից մեկ ամիս անց դատախազությունը արգելանք էր դրել Հովիկ Աբրահամյանի տան վրա, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել։
Քննությունը շարունակվել էր ավելի քան երեք տարի, փաստացի՝ առանց արդյունքի։ Նախկին վարչապետի ընտանիքը, մինչդեռ, շատ ավելի արագ էր գործել։ Անցած նոյեմբերին, մասնավորապես, Աբրահամյանի որդին՝ Արգամը, դատարանից պահանջել էր չեղարկել առանձնատան վրա դրված սահմանափակումները։ Չորս ամիս անց առաջին ատյանի դատարանը բավարարել էր դիմումը։
Ու թեև Գլխավոր դատախազությունը դիմել էր վերաքննիչ, դա դեպքերի հետագա զարգացման վրա առանձնապես չի ազդել։
Չսպասելով բողոքարկման արդյունքներին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը անցած ամիս շտապել է Կադաստրի կոմիտեին տեղեկացնել, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա այլևս որևէ սահմանափակում չկա։
Ինչո՞ւ է Հակակոռուպցիոն կոմիտեն դեմ գնացել վերահսկողի՝ դատախազության որոշմանը, ինչ շահերով է առաջնորդվել քննիչը, և ինչ է սպառնում նրան դրա համար՝ իրավապահ համակարգից դեռ չեն պարզաբանում։ Գլխավոր դատախազությունը խոստացել է «Ազատության» այս հարցերին պատասխանել ավելի ուշ։
Դատախազությունից միայն նշում են, թե այժմ «միջոցներ են ձեռնարկվում Աբրահամյանների առանձնատան «հնարավոր օտարման և դրան առնչվող մնացած բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»: Ու մինչ մեղադրող կողմը խոսում է գույքի օտարման մասին, լրատվամիջոցներն արդեն գործարքի մանրամասներն են քննարկում։
Այս նյութը դիտել են - 1479 անգամ