Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
2022-01-20 18:12:00
Օրը լինում է նաև ծանր, երբ լացելու ցանկություն է ծնվում, բայց չես կարողանում լացել, երբ կողքիդ արցունքոտված աչքեր են, սակայն հայացքդ խոնարհում ես, որ չտեսնես...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու։
Սուրճի սեղանի շուրջ թվում էր` երկխոսության մեջ կլինեինք, բայց զոհված լույս տղաների կորստյան խորին կսկիծը լռության էր մատնել բոլորիս։ Մի լռություն, որ խախտեց տնօրեն Ռուզաննա Հարությունյանը` հրավիրվածներին ուղղված իր հարգալից խոսքով, զոհվածների հիշատակով...
Եթե քարը ուղղակիորեն կարողանար խոսել, կցանկանայի խոսեր շատ բարձրաձայն, այն էլ` ապառաժ քարի ծանրությամբ, երկինքը ահեղաձայն որոտար, ամենուր հնչեին ցասումնալից խոսքեր, թե ինչու են այս ՄԱՐԴԻԿ վշտահար դարձել, կորացել ու ճերմակել...
Հրավիրվածների մեջ որդիներ կորցրած մայրեր կային, հայրեր, ամուսիններ կորցրած կանայք, քույրեր։
Իմ խոսքում գրքի ստեղծման ճանապարհն էր...Ինձ թվաց երկարեց խոսքս, բայց ամեն բառ արտաբերելիս կարծես զգում էի նրանց ահռելի մեծ ցավի ձայնը, որ հիշեցնում էր հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին։ Խոսքս զուգակցված էր զոհվածների հիշատակով պատերազմական դաժան օրերի հիշողություններով...
44_օրյա պատերազմում զոհված Կամո Բախշյանի կնոջ` Ալվարդ Ավթանդիլյանի անմիջական, շատ սրտաբաց խոսքը ավետում էր ապրելու պատգամ, իսկ հայը կյանքի շարունակականությամբ անմահների հիշատակով սերունդներին պիտի փոխանցի վաղվա լուսավոր օրվա հավատը...
Օրը ծանր էր, բայց նաև արժևորված, գրքի հեղինակիս հանդեպ մեծագույն հարգանքով, շնորհակալական զգացումով...
(Շարունակելի)։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 50241 անգամ