Ահա թե ով է մեռել. yerkir
2021-10-17 09:40:00
yerkir.am. Լինելով ՀՀ Ներքին գործերի նախարար՝ Վ. Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները։
1993 թվականի մարտի սկզբներին Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության շենքում, Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է սպանել ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանին։ Հետագա երկու ամիսների ընթացքում Արմեն Տեր-Սահակյանն ու նրա ղեկավարած բանդան իրագործել են սպանության առաջադրանքը կատարելուն ուղղված մի շարք կազմակերպական միջոցառումներ, այդ թվում ավազակային հարձակումների կատարմամբ հափշտակել են ավտոմեքենաներ՝ դրանք որպես սպանության միջոց օգտագործելու համար։
1994 թվականի ապրիլի սկզբներին Վանո Սիրադեղյանը, կանչելով Արմեն Տեր-Սահակյանին իր աշխատասենյակ, և նրա հետ միասին, իր վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով գնալով Հրազդանի կիրճում գտնվող կառավարական ամառանոցների համալիր, նրան հանձնարարել է սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը միաժամանակ հանդիսացել է բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994 թվականի փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը։
Հետագայում նույնպես Վանո Սիրադեղյանը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ակտիվ միջոցներ է ձեռնարկել բանդայի միջոցով իր կատարած հանցագործությունները, այն է՝ Հովհաննես Սուքիասյանի, Համբարձում Ղանդիլյանի և մյուսների՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև Վլադիմիր Գրիգորյանի սպանության նախապատրաստության ու նրա նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի իրական հանգամանքների բացահայտումը կանխելու և այդ փաստերի առթիվ հարուցված քրեական գործերով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու ուղղությամբ։
Մասնավորապես այդ նպատակով 1994 թվականին կազմակերպել ու նախապատրաստել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանի և ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի սպանությունը՝ վերջիններիս կողմից իրենց ծառայական և հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ, որը ավարտին չի հասցվել կազմակերպիչների կամքից անկախ պատճառներով:
1993 թվականի դեկտեմբերին Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել և Մոսկվա քաղաքում իրականացնել Հայկական Միջազգային Ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը, որը մինչև վերջ չի հասցվել իր կամքից անկախ պատճառներով, դրանով իսկ կատարել է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ։
Սերժ Ջիլավյանի սպանության նախապատրաստության հանգամանքները թաքցնելու նպատակով և Ջիլավյանի սպանելու պատվերը ձախողելու համար 1994 թվականի հունվարին հանձնարարել է ՀՀ ՆԳՆ ՆԶՎ աշխատակիցների միջոցով կազմակերպել Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի սպանությունը, որն իրականացվել է 1994 թվականի հունվարի 25-ին։
Բացի այդ ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Սիրադեղյանը մեղադրվում է նաև Արմեն Տեր-Սահակյանի միջոցով Ռազմիկ Աթոյանից 40.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ՆԳ ՄՀՆՋ-ի աշխատակիցների միջոցով՝ հրկիզման եղանակով, դիտավորությամբ Հրազդանի կիրճում տեղակայված հասարակական սննդի օբյեկտը ոչնչացնելու համար։
Այս նյութը դիտել են - 2439 անգամ