Պատվի ու անպատվության արնոտ վաճառականները
2021-06-16 21:44:00
Նախընտրական այս շրջանում ընդդիմությանը պախարակելու շրջանակներում իշխանական թևը փորձում է անել հնարավորինն ու անհնարինը՝ հանրությանը մոլորեցնելու, ինչ-որ առավելություն ձեռք բերելու համար՝ հույս ունենալով փորձված, բայց արդեն հնացած մեթոդաբանությամբ գրավել ընտրողների սրտերը:
Այս կոնտեքստում պարբերաբար լուրեր են տարածվում, թե իբր ընդդիմադիր ուժերը կամ դրանցից որոշներ ընտրակաշառք են բաժանում կամ առաջարկում՝ խոստանալով աստղաբաշխական գումարներ, այնպիսի թվեր, որոնք երբեք նախընտրական շրջանում Հայաստանում չեն շրջանառվել: Միաժամանակ լուրեր են տարածում, թե իբր այս կամ այն համայնքում այս կա այն համայնքապետը ճնշումներ է բանեցնում՝ ստիպելով հասարակ քաղաքացիներին ձայն տալ այս կամ այն ընդդիմադիր ուժին:
Տեսամոնտաժի հետ առանձնակի սեր ունեցող քայլական Արեն Մկրտչյանն է այս անգամ «օպերատիվ տեղեկություն» հրապարակել՝ պնդելով, թե իբր Թումանյանի շրջանի համայնքներից մեկում վարչական ղեկավարը բնակիչներին մեկ առ մեկ կանչում է գյուղապետարան, ենթարկում ճնշումների, բանակցում, դրդում ընտրել կոնկրետ դաշինքի: «Տեղեկատվությունը հաստատվելու պարագայում իրավապահների կրունկների տակ եք հայտնվելու, զգուշացնում եմ։ Համբերությունս չչափեք, ոտատակ կտանք»,-հայտարարել է իշխանական պատգամավորը:
Իշխանությունների տակտիկան, իհարկե, պրիմիտիվ է ոչ միայն այն պատճառով, որ ընդդիմությանն օբյեկտիվորեն հարկավոր չէ փողի կամ ուժի զոռով ձայներ կորզելը (դրա կարիքն ուղղակի չկա. Փաշինյանի վարկանիշն առանց այն էլ զրոյական է), այլև մեծագույն ցանկության դեպքում անգամ դա անելն է անհնարին, քանի որ տոտալիտարիզմի այն մակարդակը, որը տիրում է ներկայումս Հայաստանում, ֆիզիկապես անհնարին է դարձնում իշխանությունների երազանքը՝ ընդդիմության կողմից մարդկանց կաշառելը:
Միաժամանակ չափազանց հատկանշական է այն, որ նման բաների մասին համարձակվում է խոսել մեկն, ով անմիջական մասնակցություն է ունեցել պետական ռեսուրսի չարաշահման, թավշյա տեռորի իրականացման գործում:
Արեն Մկրտչյանն այն հիմնական ֆիգուրանտներից է, որի անմիջական մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանը բեմադրեց ու մոնտաժեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի դեմ ստորաբար մշակված դավադրությունը՝ «տուշոնկա-շոուն», որի ինչ լինելը նույն հանրությունն արդեն իսկ հասկացել էր դրա բեմականացումից ոչ երկար ժամանակ անց, երբ, փաստորեն, այդպես էլ հայտնի չդարձավ «թավշյա տուշոնկաների» գենեսիզը. Մանվելի գլխին պարզապես սարքել էին:
Հիմա հարց է առաջանում՝ երբ Մկրտչյան Արենը սպառնալիքներ է հնչեցնում մարդկանց հասցեին, չի՞ մտածում, թե ի՞նչ է լինելու իր հետ հունիսի 20-ից հետո, երբ իշխանական գահից դուրս շպրտվի Նիկոլ Փաշինյանը, թե՞ կարծում է, որ սեփական կնոջ հետ քաղաքի փողոցներում ֆրֆռալով՝ կարող է պլստալ օրենքից: Իրականում Արեն Մկրտչյանը սարսափած է, քանի որ շատ լավ պատկերացնում է, թե ինչ է իրեն սպառնում իշխանության կորստից անմիջապես հետո: Մկրտչյանը երևի մղձավանջային երազներ էլ է տեսնում, իսկ զբոսնելիս նրան թվում է, թե բանտի ճանապարհով է ճեմում: Կարճ ասած՝ Մկրտչյանը հոգեխանգարմունքի եզրին է, քանի որ շատ լավ պատկերացնում է իր այն բանտային առօրյան, որ անխուսափելի է լինելու ընդամենը կարճ ժամանակ անց:
Ցավոք, Արեն Մկրտչյանը միակը չէ, ում ձեռքերը թաթախված են Մանվել Գրիգորյանի արյամբ: 
Այսօր ընդդիմության հիմնական թևերից մեկը գլխավորող Արթուր Վանեցյանը, որ այս օրերին չի վարանում ամենակոշտ քննադատության թիրախ դարձնել նախկին շեֆին, անմիջական մասնակցություն ունի նույն այդ «տուշոնկա-շոուի» բեմադրման գործում: Բոլորն են երևի հիշում, թե ով էր Նիկոլի ԱԱԾ տնօրենն այդ ժամանակ, և թե ինչ փութաջանությամբ էր նույն այդ տնօրենը կատարում թավշյա վարչապետի անմարդկային հրահանգները: Այսքանից հետո ի՞նչ պատիվ...
Միաժամանակ հետաքրքիր է, որ ընտրությունների այս փուլում հատկապես նույն Արեն Մկրտչյանն ուներ հրաշալի հնարավորություն՝ բացահայտելու տուշոնկա-շոուի մանրամասներն ու ասենք կոմպրոմատներ հրապարակելու նույն Արթուր Վանեցյանի դեմ, ինչը, սակայն, չի արվում: Բայց դե ինչպես ասում են, շունը շան թաթ չի կծում, և ի սկզբանե շատ քիչ հավանական էր, որ «միևնույն քսուկով քսվածները» կարող էին բացահայտել միմյանց մասին ճշմարտությունը. անգամ քաղաքական մրցապայքարն ի վիճակի չէ լույս սփռել նրանց վրա:
Իհարկե, մարդն իր բնույթով սխալական է, և շատ սխալներ գուցե ներելի են համարվում, բայց միայն այն սխալներն են այդպիսին դիտարկվում, որոնք ճակատագրական չեն, բայց ողջ խնդիրն էլ նույն Վանեցյանի պարագայում այն է, որ այդ չարաբաստիկ «տուշոնկա-շոուն» նորաթուխ գեներալի կյանքի ամենամեծ ու ճակատագրական սխալն է: Չլիներ դա, կենդանի կլիներ գեներալ Մանվելը՝ հատկապես թուրքերի համար դրանից բխող բոլոր դառը հետևանքներով: Թուրքերի «ջրաղացին ջուր լցնել» էր Մանվելի գլխին սարքածն ու դրանով հրճվելը:
Կա՞, արդյոք, երաշխիք, որ իշխանության գալուց հետո նույն Արթուր Վանեցյանը հիմա էլ չի սկսի այլոց վրա գործ սարքել: Ինչո՞ւ է Վանեցյանը մինչև վերջ լռում ու դրա հետ մեկտեղ ասում՝ պատիվ ունեմ: Ո՞վ է հավատալու դրան, երբ այդ խոսքերի հեղինակը փաստացի ոչնչով չի տարբերվում Արեն Մկրտչյանից՝ առնվազն այս հարցում…
Արեն Մկրտչյանն՝ այդ անբարոյականի վաստակը, հանուն փողի ու իշխանության գնաց նման ստորության, իսկ ի՞նչը դրդեց Վանեցյանին միանալ նրան, գուցե պատիվ ունենալու մասին նրա խեղված պատկերացումնե՞րը:
Ակնհայտ է, որ պատիվ ունեցող սպան չէր հանդուրժի, որ ինչ-որ մեկն իրեն մասնակից դարձներ նման ստորության՝ խաղալով իսկական գեներալի կյանքի ու ճակատագրի հետ, ինչը հուշում է, որ իրականում Վանեցյանն անգամ պատկերացում չունի՝ ինչ է ասել գեներալ լինելը: Դա մի կոչում է, որը մեկ գիշերվա ընթացքում չի շնորհվում, ինչպես Նիկոլը շնորհեց յուր ԱԱԾ պետին, դա նախևառաջ արժեհամակարգ է, որից մղոններով հեռու է այսօր պատվի մասին ամենուրեք բղավող ԱԱԾ նախկին տնօրենը:
Արթուր Վանեցյանի խոստովանության ժամանակը սպառվում է. հունիսի 20-ից հետո ուշ է լինելու այլևս: Նույնիսկ, եթե հանրությունը սխալ թույլ տա ու ընտրի Արթուր Վանեցյանին, ապա դա էլ փրկություն չի լինի՝ անցյալը սրբագրելու, արած-չարածը մարսելու: Մեր ձեռքի տակ առկա են այնպիսի զորավոր փաստեր, որոնք ի վիճակի են պատռել Վանեցյանի դիմակը: Հավաստի փաստեր կնետվեն հրապարակ, որոնք կբացահայտեն, թե ինչպես են Արթուր Վանեցյանն, Արեն Մկրտչյանը, Նիկոլ Փաշինյանն, «ԱՆԻ» տաքսի ծառայությունն ու ասենք «Ազատություն» ռ/կ-ն ստորաբար մտել թավշյա խաղի մեջ: Մենք կբացահայտենք Վանեցյանի իրական էությունը ոչ միայն հայաստանաբնակ, այլև սփյուռքահայ մեր հայրենակիցների առջև:
Մարդիկ պետք է իմանան ողջ ճշմարտությունը: Չպե՛տք է լռել...
Գ. Մանուկյան
Այս նյութը դիտել են - 4145 անգամ