Երրորդ օրն է` Մարտակերտում ջուր չկա, խանութներում էլ վաճառքում ջուր չի մնացել
2021-05-31 22:50:00
Մեծ ցավերի կողքին սրանք փոքր են... 
Երրորդ օրն է` Մարտակերտում ջուր չկա, խանութներում էլ վաճառքում ջուր չի մնացել։ Ինքներս մեզ համար դժգոհում ենք, երբ երեկ ամբողջ օրը լույս էլ չունեինք, դրա հետ կապված` համացանց, հեռուստացույց չէին գործում։ Մեր դժգոհության սահմանը հասնում է մինչև խաղաղության պատը, որին բախվում, կանգ ենք առնում, հասկանում, որ մի կերպ առանց ջուր էլ կմնանք, առանց լույս էլ, միայն խաղաղ լինի երկիրը։ Բայց առաջներում շատ ավելի ըմբոստ էինք ու կարողանում էինք ընդվզել, թե ինչու մեզ ջրից զրկեցին, ինչու հեռուստացույցի բոլոր ալիքները կամ համացանցը հասանելի չեն մեզ, ինչու հեռախոսը չի աշխատում....
Մենք չենք խեղճացել, այլ գիտակցում ենք, որ ամենամեծ սարսափը մարդկային կորուստն է, հայրենիքի կորստյան ցավը, երբ դրանք անվերադարձ են մյուս խնդիրների կողքին։
Մենք այդպես լրջանում ենք, երբ հայրենիքի շուրջ վտանգ ենք զգում, գոնե լրջանան նաև նրանք, որոնց համար հայրենիքը սոսկ ձյունապատ լեռ է, դժգույն քաղաք կամ ամայի տարածք։ Եվ լավ է, որ վերականգնվել է լույսը, հուսանք` շուտով ջուր էլ կունենանք, բայց վտանգը միշտ կախված է մեր գլխավերևում...
Երանի՜ թե մենք էլ մեր բաժին կյանքը անվտանգ ապրենք։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1185 անգամ