Մենք ապրում ենք՝ գուցե և ոտքի վրա մեռած, բայց լույսի առկայծումներով, գալիք լուսավոր օրերի հույսերով...
2021-02-06 23:38:00
Պատերազմական օրերի վավերագրողս, իմ ուսուցչությանը զուգահեռ, դարձել եմ մեր աշակերտների հոգեմաշ ապրումների արձանագրողը, որով ցանկանում եմ ամբողջացնել մի նոր գիրք: Սակայն թե՛ հոգեպես, թե ֆիզիկապես ապաքինվելու համար ինձ ընդմիջում է պետք, այդ իսկ պատճառով ընդհատում եմ գրառումներս՝ մի որոշ ժամանակ հետո այն շարունակելու մտադրությամբ:
«Պատերազմական օրագիր» գրքի մասին խոսք չկար մինչ սեպտեմբերի 27-ը, երբ 2020-ի հունվարից գրվում էր իմ «Մանկավարժի օրագրի» 4-րդ մասը: Այն պետք է ավարտին հասցնեի տարեվերջին, բայց անսպասելի ընդհատվեց սեպտեմբերի 26-ին, որը մոտ 500-էջանոց առանձին գիրք կդառնա: Ուխտադրուժ պատերազմը այս նոր գրքի՝ «Պատերազմական օրագրի» սկիզբը դրեց, որ սկսվեց Ստեփանակերտի հյուրանոց-ապաստարանի իմ գրառումներից:
 Մնալով թիկունքում՝ դարձա պատերազմի վավերագրող, իսկ այդ վավերագրությանն արձագանքող իմ ընթերցողները պակաս ոգեղենությամբ չէին արձագանքում օրվա գրառումներիս, որոնց էլ հարմար գտա տեղ տալ այդ գրքում: Պատերազմական տառապալից օրերին ավելացան ցասումի նոր տողեր՝ մեր հաղթանակին փոխարինած անակնկալ պարտությամբ, երբ 44 օրվա անհավասար մարտում հայ զինվորը իր կյանքով էր պաշտպանում հայրենիքը: Հողը տնքում էր ցավից, ու մեր վերադարձը Արցախ՝ կորսված հայրենիքի մի կտորը պահելու համար, դարձավ պահանջ, դարձավ կյանքի իմաստ՝ վերադառնալ ու վերականգնել մեր օջախները, հանուն զոհվածների հիշատակի՝ շարունակել ապրել...
Մենք ապրում ենք՝ գուցե և ոտքի վրա մեռած, բայց լույսի առկայծումներով, գալիք լուսավոր օրերի հույսերով...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1697 անգամ