Լավ չեմ...
2021-01-14 21:25:00
Լավ չեմ...
Ու ինչպես կասեր Ուիլիամ Սարոյանը հաստատ «Ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է»...
Ֆեյսբուքում կարդում եմ դպրոցական դասընկերոջս Արցախի պատերազմում զոհված հերոս որդու հուղարկավորման լուրը:
Նույն հայտարարության տակ հանդիպում եմ մեկ այլ հին բարեկամի ցավակցական պաթոսախառն ուղերձին, ով վերջին օրերին համառորեն փորձում էր մեզ համոզել, որ մեր հերոս տղաներն ու դրանց թվում նաև դասընկերոջս որդին կռվել ու զոհվել են պահելու համար հողի անարժեք մի կտոր, որն սկզբից էլ մերը չի եղել, որ մենք 26 տարի զավթած ենք եղել ուրիշի հայրենիքը...
Գիտեմ: Տեսնում եմ, որ դասընկերոջս պես տասնյակ այլ ծնողներ պատերազմն ավարտվելուց երկու ամիս անց անհետ կորած իրենց որդիներից մի լուր ստանալու համար ամեն օր պետական մի հիմնարկի դուռ են ծեծում: Հարյուրավոր ծնողների աչքերը ջուր են կտրել սպասելով թշնամու գերության մեջ հայտնված իրենց որդիների վերադարձին: Քիչ այն կողմ սակայն, երևանյան սրճարաններում ու ռեստորաններում, կյանքն ընթանում է նախկին հունով: Այդտեղ զվարճացողներից քանիսի՞ն է հուզում այդ ծնողների ցավն ու վիշտը...
Ազերին, ով մինչև երկու ամիս առաջ պատրաստ էր մորթելու մեր հերոս տղաներին, այսօր մեր անտարբեր հայացքների ներքո գնումներ է անում երևանյան շուկայում, Շուռնուխում թեյ է խմում հայի տանն ու վերջում կրկնում է Սյունիքի ու Զանգեզուրի մասին հավակնությունները: Իսկ պողոսը հիացած երազում է Ադրբեջանի տարածքով Ռուսաստան ու Իրան գնալու մասին:
Ամանորի գիշերը կարմիր գորգի վրայով քայլելու հաճույքից զրկված «էռատոն» մի պահ կտրվելով երևանյան ձանձրալի կյանքից, դուստրերին վերցրած, պետական բյուջեից սնվող ախռանիկների ուղեկցությամբ վայելում է մոսկովյան թանկարժեք հյուրանոցների ու ճաշարանների հաճույքը: Կյանքի ծանր բեռան տակ կքած պողոսին դա չի հետաքրքրում: Նա արդեն 2 տարի 8 ամիս 21 օր է ինչ հաշվում է Սաշիկի 50/50-ները, Քոչարյանի 4 միլիարդն ու արդյունքի չհանգելով, շեֆի հրահանգով սկսում է նորից ու կրկին հաշվել սկզբից...
Ազգ էինք ու դարձանք ժողովուրդ...
 Նայում եմ շուրջս ու ոնց որ գնալով արդեն ժողովուրդ էլ չի մնում... Մնում են անդեմ քաղաքացիներ ու մնում է այլևս որևէ մեկին չհետաքրքրող աշխարհագրական տարածք, որը մի օր կոչում էինք հայրենիք, որին կենացներ էինք ձոնում ու այսօր անբացատրելի անտարբերությամբ դրա սահմանների նեղանալը ոչ միայն բնական, այլ պատմական փաստ ենք համարում....
Չգիտեմ ինչը, բայց ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ հաստատ սխալ է...
Լավ չենք...
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 1271 անգամ