Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
2020-09-03 13:44:00
Այսօր Մարտակերտում ուսուցիչների խորհրդակցությանը մասնակցություն ունեցան նաև իմ աշակերտները, ովքեր ամառային ընթերցանության ֆլեշմոբին ակտիվ մասնակցություն էին ցուցաբերել: ԿԳՍ նախարար Լուսինե Ղարախանյանի կողմից նրանք պարգևատրվեցին գրքերով, նմանապես ուսուցչի աշխատանք գնահատվեց:
 Այն գրքերն ու վարդերի փունջը, որ ստացա նախարարից, հավաստիքն է այն իրողության, որ ուսուցիչը նախարարության ուշադրության կենտրոնում է, և յուրաքանչյուր ոք գնահատվելու է ըստ արժանվույն: Կրթության ոլորտի թարմությունն զգացվեց յուրաքանչյուրի խոսքում, հափշտակությամբ կլանեցինք նախարարի ամեն մի բառ, որ շնչում էր, ոգի տալիս, հորդորում, սովորեցնում, զգուշացնում...
Որքան էլ խոսքս գրականության չափորոշիչների ու ծրագրերի նոր նախագծի շուրջ մտահոգիչ էր, նույնքան էլ համոզված եմ, որ նոր օրերում երանություն է Արցախի ուսուցիչ լինելը: Նորից ուսուցիչը պաշտպանված է, սիրված, հարգված, գնահատված...Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված:
Ասում են՝ մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է....
Շարունակենք կարդալ, հարստանալ, գիտելիք փոխանցել, սովորենք ճիշտ ապրել՝ մեր արժեքներին, ազգայինին, մեր արմատներին հավատարիմ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 44001 անգամ