Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
2020-07-20 14:55:00
Մտահոգություններս նախագծի աշխատանքային խմբին
Ծանոթացա «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայի նոր չափորոշիչների և ծրագրերի նախագծին: Չգիտեմ՝ թերությունների շղթայի ո՛ր մասից սկսել, ինչո՛վ վերջացնել, երբ մասնատվել է գրականությունը, կողքից ջնջվել «ՀԱՅ» բառը...
Մասնագետ լինելով՝ այսքան տարիներ չեմ պատկերացրել, որ մարդն ընդունակ կլինի այսպես բզկտել, ոչնչացնել մեր գրականությունը: Կարելի է ասել՝ սերնդին հայ գրականությունից հեռացնելու «լավագույն» ճանապարհն է ընտրված: Չասեք, թե ուսուցիչները հայ դասականների փոխարեն չեն ուզում օտար գրողներ ընթերցել...
Ես այսօր գրադարանում էի, ու վերցրի արտասահմանյան գրականություն, որոնք նախատեսել էիք նոր ծրագրերով, և որոնք վերընթերցելուց հետո իմ աշակերտներին ասելիք կունենամ:
Բայց ի՞նչ է կատարվում:
Այս օրերին քննարկվում են այդ չափորոշիչներն ու ծրագրերը, այն էլ՝ առանձնակի շտապողականությամբ, արտակարգ իրավիճակում: 
Իսկ որտե՞ղ: Զում հարթակում՝ ըստ առարկաների...
Ես այսօր մասնակցում էի նույնիսկ պատմության առարկաների քննարկմանը...
Կարծում եմ՝ ուսուցիչներիս բաց հարթակ է պետք, որ միմյանց աչքերի նայենք ու խոսենք, ոչ թե հեռավար տարածքներ:
Ստացվում է, որ մեզ համոզելու ճանապարհ է ընտրվել, երբ ամեն հարցի համար կան պատասխանները: Եվ ո՞վ պիտի մեզ համոզի, որ հայ գրականությունն Աբովյանով է սկսվում, որ Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Շնորհալին, Ֆրիկը, Գոշը, Այգեկցին, Քուչակը, Սայաթ-Նովան գրականության թեմա չեն... Պարզվում է՝ վերջինիս խաղերի լեզուն դժվարամատչելի է 21-րդ դարի սովորողի համար, ու նաև հանրակրթական դպրոցները բանասերներ կրթելու համար չեն:
Հազարավոր ուսուցիչներից քանի՞ հարյուրն են մասնակցելու այդ քննարկմանը, քանի՞ հազարը հնարավորություն չեն ունենա մասնակցելու, քանի՞ տասնյակն են հարցեր բարձրացնելու, քանի՞ հազարի անունից է ասվելու, որ քննարկվել է նախագիծը և ընդունվել... Ո՞ր մի ուսուցչի կառուցողական առաջարկ է ընդունվելու, երբ այդ նախագիծը, առանց մեր կարծիքն իմանալու, արդեն «օրինակելի ծրագիր» անունն է կրում:
Ուղղակի ցավալի է, ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...Մենք կրթությամբ ու՞մ ենք ուզում նմանվել, եթե կարող ենք, մեր միջավայրն էլ փոխենք, որ խաղաղ ապրենք ու կարողանանք անտեսել հայ դասականներին մեր ազատ ընտրությամբ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 14571 անգամ