Ինչի՞ց են ամենաշատը վախենում իշխանություններն իրականում, բացառապես Գագիկ Ծառուկյան անհատի՞ց, թե՞ Ծառուկյան-Քոչարյան հնարավոր քաղաքական տանդեմից
2020-07-09 09:33:00
Ինչպես հայտնի է դարձել, ՀՀ երկրորդ նախագահը առաջիկայում ծրագրում է Zoom-հանդիպում ունենալ սեփական աջակիցների և համակիրների հետ՝ նրանց նետ, մասնավորապես, քննարկելու ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախյան հիմնախնդրին, պետության անվտանգությանը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակին ու հեռանկարներին առնչվող հարցեր:
Տարածված տեղեկությունը պետք է բավական ուշագրավ գնահատել՝ նկատի ունենալով հատկապես այն, թե փաստացի ինչ իրավիճակում է այդ տեղեկությունը տարածում ստանում:
Այն, որ իշխանությունները շարունակում են խոշորացույցի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին, կասկած չի հարուցում, քանի որ նրանք վստահ են, որ երկրորդ նախագահն իրենց համար շատ ավելի վտանգավոր կարող է լինել ազատության մեջ, քան՝ կալանավայրում:
Քոչարյանը, փաստորեն, չի հայտարարում քաղաքականությունից հեռանալու ցանկության մասին, որի պարագայում նրա նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը գուցե կարող էր և փոփոխության ենթարկվել, ու նրան ամեն գնով փակի տակ պահելու հարցը կարող էր և օրախնդիր չդառնալ: Այս իմաստով անչափ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչ արձագանք կստանա Քոչարյանի նախաձեռնությունն իշխանական շրջանակների կողմից:
Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» խաղատան արտոնագիրը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ուժը կորցրած է ճանաչվել: Միաժամանակ հայտնի է դարձել, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը.այն հետ է ուղարկվել նոր քննության: Ավելի վաղ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը, ինչի հետ չէր համաձայնել դատախազությունը՝ ներկայացնելով վերաքննիչ բողոք:
Գաղտնիք չէ, թե որն է Ծառուկյանի նկատմամբ վերջին շրջանում դրսևորովող այսօրինակ վերաբերմունքի պատճառները: Ծառուկյանի հայտարարությունը, թե ոչինչ չի ստիպելու իրեն՝ հետ կանգնելու պայքարի ճանապարհից, ըստ էության, առիթ է դարձել նմանօրինակ իշխանական հակազդեցության:
Ինչի՞ց են ամենաշատը վախենում իշխանություններն իրականում, բացառապես Գագիկ Ծառուկյան անհատի՞ց, թե՞ Ծառուկյան-Քոչարյան հնարավոր քաղաքական տանդեմից, որն իր նյութական արտահայտությունը կարող է գտնել առաջիկայում, երբ պարզ կդառնա, թե ինչ ֆորմատով է Քոչարյանը պատրաստվում «ձեռնոց նետել» նիկոլ Փաշինյանին. Քոչարյանի՝ սեփական համակիրների հետ հանդիպումն այդ ճանապարհին արվող առաջին քայլերից մեկը կարող է դանալ, ու նույնիսկ չի բացառվում ապագայում կուսակցության ստեղծումը, որին կարող է աջակցել Գագիկ Ծաուկյանը:
Մեկ այլ տեսանկյունից հարցեր են առաջ գալիս՝ ընդդիմադիր խմորվող ընդհանուր բևեռի արձագանքի հետ կապված նաև, որը կարծես թե դեռևս խմորման փուլում է: Քոչարյանը նախապես համաձայնեցված պլանի համաձա՞յն է նման ակտիվություն դրսևորում, թե՞ սա կարելի է դիտարկել որպես սեպարատ քայլ: Այս իմաստով հարց է ծագում, թե Քոչարյանի այսօրինակ ակտիվությունը՝ ընդդիմության բևեռում որպես անկախ միավոր հանդես գալուն միտված քայլեր չե՞ն, որ կարող է նույնիսկ առաջ բերել գուցե նաև ոչ միանշանակ վերաբեմունք հենց ընդդիմադիր ճամբարում: Քոչարյանը փորձելու է դաշտի միանձնյա լիդե՞րը դառնալ, եթե այո, ապա արդյոք դա հակազդցություն առաջ չի՞ բերի մյուսների կողմից՝ նկատի ունենալով հայաստանյան ներքաղաքական կյանքին բնորոշ որոշ ավանդույթներ՝ նույն այդ բևեռի համար դրանից բխող հնարավոր ոչ ցանկալի հետևանքներով:
Միաժամանակ Քոչարյանի՝ որպես անկախ թեկնածու հանդես գալու հնարավոր ձգտումները կարող են ունենալ նաև օբյեկտիվ պատճառներ. մերժված համակարգի հետ նույնականացվելը չի կարող ոչ մեկին հաջողություն ապահովել՝ չնայած մյուս կողմից առանց կողմնակի աջակցության հաջողության հասնելը նույնպես չափազանց դժվար կլինի: Քոչարյանին կհաջողվի՞, արդյոք, հանդես գալ ընդդիմադիր բևեռը սոսնձողի, դրան նոր իմիջ հաղորդողի դերում, թե՞ խնդիրն առավեապես ոչ թե «սոսինձն» է լինելու, այլ սոսնձվող մատերիալը: Այս իմաստով իրավիճակն իսկապես հակասական է, և դեռևս վաղ է կոնկրետ կանխատեսումներ անել:
Այս նյութը դիտել են - 158039 անգամ