ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ Hraparak
2019-01-14 21:50:00
Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ տարիներ ի վեր հանդես եկող և այսօր Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա հրավիրած Նարեկ Մալյանը հրավիրվել է Մալաթիայի ոստիկանություն՝ Մհեր Ենոքյանի կնոջ, լրագրող Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա։
«Զարուհի Մեջլումյանը հաղորդում է տվել, ինձ կանչել են, որպեսզի բացատրություն վերցնեն, նյութեր նախապատրաստեն հետաքննիչները և դրա հիման վրա գործ հարուցեն։ Ինձ հետաքննիչը հեռախոսով ասաց, որ Զարուհի Մեջլումյանը հաղորդում է տվել հանցագործության մասին՝ նշելով, որ իմ գործունեությամբ ես իրեն հոգեկան հուզմունք եմ պատաճառում և ինքնասպանության եմ հակում»։
Այս մասին տեղեկությունը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց Նարեկ Մալյանը, որը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, եղել է ՀՀ ոստիկանապետի խորհրդականը։ Նարեկ Մալյանը ոստիկանություն չի գնացել՝ ասելով, որ այսօր «միտինգի եմ, խառն եմ», հայտնել է, որ վաղը կգա։
Hraparak.am-ի հետ զրույցում Զարուհի Մեջլումյանը մանրամասնեց, որ հաղորդում է տվել ոչ միայն ինքը, այլև Մհեր Ենոքյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով․ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ ՝ իրեն և իր երեխային հոգեկան խորը տառապանք (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) հոդվածի հատկանիշներով,․111-րդ՝ ինքնասպանության հակելը, 143-րդ՝ սահմանադրական իրավունքների խախտում, այսինքն՝ սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցագործություններ․ և 147-րդ հոդված՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը, կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով՝ տարածում և հրապարակայնացում։
«Իմ տասնհինգ տարեկան երեխան այսօր ո՛չ դպրոց է գնոմւ, ո՛չ դուրս է գալիս»,-ասաց Զարուհի Մեջլումյանը՝ նշելով, որ երեխան լալիս է և վախենում։
Զարուհի Մեջլումյանի փաստաբանը Տիգրան Ղազարյանն է։
Այս նյութը դիտել են - 16 անգամ