«Մանկավարժի օրագիրը» մեր երազանքների վառ արտահայտումն է
2018-11-25 10:52:00
Նորից մեր դպրոցի 9-րդ ա դասարանի աշակերտուհիների խոսքերն եմ ընթերցում, և լռությանս մեջ այս խոսքերի արձագանքն է լսելի դառնում ինձ, որ օրեր առաջ ամբողջ դասարանում արտահայտվեցին նրանք իմ գիրքը նվեր ստանալուց հետո: Շնորհակալական խոսքս թերևս արտահայտում եմ այսպես՝ տեսանելի դարձնելով ինձ համար էլ նույնքան սիրելի իմ աշակերտուհիներին:
Հովհաննիսյան Մերի-Տիկին Պողոսյանին՝ որպես ուսուցչուհի, լավագույն մանկավարժ, ճանաչում եմ դեռ 5-րդ դասարանից։ Անցած տարիները վկայել են, որ նա նվիրյալն է իր գործին։ Նաև մեծ գրքասեր է և հեղինակ չորս գրքի։ Գրքերը խորիմաստ են և ընդգրկում են մեր՝ աշակերտներիս ստեղծագործ մտքի լավագույն տողերը, ու հենց գրքի միջոցով հավերժանում է մեր՝ մատաղ սերնդի միտքն ու ստեղծագործությունը։
Ընդհանրապես գիրք ստեղծելը բարդ գործընթաց է, բայց նա մեծ եռանդով ու սիրով է լույս ընծայում գրքերը։ Գրքի մասին խոսելիս նա կարծես մի ուրիշ բերկրանք է ապրում, և նույն բերկրանքը փոխանցվում է մեզ։ Իրոք, ես հպարտ եմ, հպարտ եմ, որ բախտն ինձ հնարավորություն է ընձեռել լինել նրա սանը։ Ես սրտանց հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը մեր ուսուցչուհուն, ով բարության մարմնացում է, գիտության ծարավ ու հմուտ մանկավարժ։
Կցանկանայի, որ երկնային Տերը Ձեզ տա երկար տարիների կյանք, ամուր կամք ու առողջություն, որպեսզի Ձեր հոգու գանձերը շռայլորեն ու ամբողջությամբ հանձնեք թղթին։ Բարին ընդ Ձեզ, տիկի՛ն Պողոսյան, թող Ձեր բարդ ու դժվարին գործը միշտ արժևորվի, քանզի Դուք արժանի եք միայն ու միայն բարձր գնահատանքի։
Սարգսյան Էլինա - Շատ մեծ ուրախությամբ արտահայտում եմ իմ սրտի խոսքը «Մանկավարժի օրագիր» գրքի մասին: Այդ գրքի հերոսուհին դառնալն ինձ համար ամենաբաղձալի երազանքն էր, ու իմ դասղեկի շնորհիվ երազանքս ի կատար ածվեց, և ես հայտնվեցի այդ գրքում երկրորդ անգամ: Գրքի այն մասը, որը վերաբերում է ինձ, պատմում է իմ խառնվածքի մասին, բնութագրում ինձ ամբողջությամբ և հանրության առջև բացահայտում իմ ով լինելը:
«Մանկավարժի օրագիրը» մեր երազանքների վառ արտահայտումն է, անիրական թվացող մեր երազանքների շոշափելի կերպարանքը: Ասում են` ուսուցիչներն են բացում մեզ համար դեպի երազանք տանող ճանապարհը` մեր մտքերը լուսավորելով իմաստության լույսով, մինչ տիկին Պողոսյանը մեր մտքերը լուսավորելուց բացի իրագործել է երազանքս` ինձ դարձնելով գրքի հերոսուհի: Ես ուսուցչուհուս հեղինակած գիրքը համարում եմ կյանքիս ամենանվիրական գրքերից մեկը, որ երբևէ ընթերցել եմ, քանզի այն իմ, իմ շրջապատի, իմ հարազատ դպրոցի ու բնօրրանի կյանքն է ներառում իր մեջ, ներկան, անցյալի թողած հետքերը և ապագան:
Լուսինե Հովհաննեսյան- Ուսուցչուհիս ինձ գրքի հերոսուհի դարձրեց: Որքա՜ն հաճելի է, որ ես էլ այս գրքի կերպարներից եմ: Շատ-շատերն ինձ կարող են երանի տալ, քանի որ ոչ բոլորին է հաջողվում ունենալ վաստակավոր ուսուցչուհի, ով շատ հաճախ մոռանում է իր վեհ կոչումը, մանկանում, մտնում է մեր դրության մեջ, կարդում մեր հոգու խոսքը, օգնում հաղթահարել դժվար ճանապարհները: Այդ գրքում հայտնվելն ինձ համար մեծ հպարտություն է: Երբ նայում եմ գրքին կամ զգում նրան իմ կողքին, միանգամից ինքնամոռացության եմ մատնվում, սկսում եմ կարդալ այն և խորասուզվում հուշերի մեջ:
Ինչքան էլ չսիրենք գիրք կարդալը, ամեն անգամ համոզվում ենք, որ մեր դպրոցական կյանքն էլ մի գիրք է, որը գրվել է հենց Ձեր կողմից, տիկի՛ն Պողոսյան: Դուք գրել եք մի գիրք, որը շատ սիրով ենք ընթերցում և թերթում այն ամեն օր: Գիտեմ, որ Ձեր գործը հավերժ մնալու է պատմության մեջ, առաջնորդելու է մեզ և, ինչու չէ, նաև ապագա սերունդներին, որոնք իրենց հերթին պատկառանքով են կարդալու Ձեր օրագրային գրառումները՝ իրենց հոգու խորքում միշտ զգալով Ձեր ներկայությունը:
Որպես նրանց դասավանդող ուսուցչուհի՝ ականատես եմ, որ «Մանկավարժի օրագիրը» ընթերցում են հետաքրքրությամբ, նաև համոզված եմ, որ տարիներն իրենց հետքը կթողնեն, բայց երբեք չի մոռացվի այն, ինչ թղթին է հանձնվում, որն էլ այսօր գրի առա սիրով:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 10042 անգամ