«Քոչարի. Ավանդական խմբապար» հայտը քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում
2015-12-02 23:54:00

Նոյեմբերի 30-ից Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում իր աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը:

Հայաստանյան պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայել է փորձագիտական խմբի նախնական որոշումը: Կոմիտեի անդամների, փորձագետների և ՀՀ պատվիրակության անդամների միջև ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատել է, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսևորում, տարածված է Հայաստանում և Սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը:

Այս նյութը դիտել են - 1740 անգամ