«20 տարի իմ կյանքը կերաք». Սուրիկ Խաչատրյանի որդին նոր աշխատանք ունի
2016-02-03 09:04:00

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնը թողնելուց հետո այլ աշխատանքի է անցել: Բայց թե կոնկրետ ինչ աշխատանքի` մարզպետ հայրիկը NewsBook-ի թղթակցի հետ զրույցում չցանկացավ բացահայտել:

«Ի՞նչ եք ուզում էլի, ի՞նչ եք ուզում: Իմ կյանքը 20 տարի ուտում եք, հիմա էլ կպել եք իմ տղայից: Խի՞ ա ձեզ էդքան հետաքրքրում, ի՞նչ եք ուզում, 20 տարի կյանքս կերաք, հիմա էլ շուռ եք էկել տղայիս, ի՞նչ եք ուզում»,- բուռն արձագանքեց Սուրիկ Խաչատրյանը:

Պատասխանին` «Քավ լիցի, ի՞նչ պետք է Ձեր տղայից ուզենք, ուղղակի ուզում ենք տեղեկանալ` այլ աշխատանք փնտրելո՞ւ է», Սյունիքի մարզպետն ասաց. «Արդեն գտել ա, աշխատում ա, խնդիր չունի ինքը»:

Որտե՞ղ է աշխատում` հետաքրքրվեցինք:

Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ա, քեզ ինչ, շա՞տ ա քեզ հետաքրքրում, թե որտեղ ա աշխատում: Անիմաստ զանգել ես, նպատակայի՞ն ես զանգել»: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իր դիմումի համաձայն, փետրվարի 1-ից ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից:

Հիշեցնենք նաև, որ Տիգրան Խաչատրյանի անունը կապվում է «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Մասնավորապես` 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարություն Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել էր Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք: Սյունիքի մարզային դատախազությունում մայիսի 4-ին հարուցվել էր քրեական գործ:

Դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել, իսկ ավելի ուշ կալանավորվել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը:

Նշենք նաև, որ խափանման միջոց կալանավորումը Տիգրան Խաչատրյանի նկատմամբ վերացվել էր և այժմ գտնվում է ազատության մեջ:

Այս նյութը դիտել են - 1293 անգամ