Նիկոլ Փաշինյանն ու քաղբանտարկյալներն. ինչպե՞ս կվարվի Հայաստանի նոր ղեկավարությունը
2018-05-15 22:07:00
Հայաստանի հոսող վերքերից մեկն էլ, որն երկրին պատճառվել էր նախորդ իշխանությունների կողմից, անկասկած, քաղբանտարկյալների խնդիրն է,որի նկատմամբ որդեգրած դիրքորոշումից է նաև կախված լինելու հեղափոխական իշխանությունների հետագա հեղինակության հարցը:
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը դեռևս պատգամավոր եղած ժամանակ հաճախ է հանդես եկել քաղաքական իշխանությունների կողմից հանիրավի բանտ նետված մարդկանց պաշտպանությամբ, ուղղակի կամ անուղղակի կերպով նրանց համարել անմեղ զոհեր, որոնց՝ բանտում գտնվելու միակ պատճառն, ըստ էության, Սերժ Սարգսյանի իշխանությանը հակադրվելն է եղել, նրան գահընկեց անելու ցանկությունը:
Հիմա, փաստորեն, Փաշինյանն ունի ազատ գործելու իրավունք ու հնարավորություն, ու չնայած նա արդեն հասցրել է հայտարարել, թե չի պատրաստվում դատավորի կամ դատախազի դերարակատարում ստանձնել, ու իրավապահները կարող են որոշել՝ ովքեր են քաղբանտարկյալներ, իսկ ովքեր՝ սովորական հանցագործներ, սակայն, անվիճելի է, որ այս հարցն այն հիմնական փորձությունների թվում է, որ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը ստիպված է լինելու հաղթահարել, քանի որ կրավորական կեցվածք որդեգրելը Հայաստանում տիրող հասարակական-քաղաքական մթնոլորտի պայմաններում կարող է վտանգավոր դառնալ նոր իշխանությունների հեղինակության տեսանկյունից:
Այս իմաստով պետք է նկատել ,որ դիցուք Անդրիաս Ղուկասյանի ազատ արձակումը հույս է ներշնչում, որ ժամանակավոր կառավարությունը քաղբանտարկյալների հարցում հանդես կգա առավել անաչառ դիրքերից:
Կա տեսակետ, որ Ղուկասյանը կարող է «առաջին ծիծեռնակը» լինել այս հարցում, և նրա ազատ արձակումը վկայում է նոր իշխանությունների մոտ գոյություն ունեցող իրական կամքի մասին՝ հարցն իսկապես փակելու ու վերջ տալու «քաղբանտարկյալ» տերմինի արդիականությանը Հայաստանում:
Սա, իհարկե, լավատեսական սցենար է, սակայն անվիճելի է նաև, որ այս հարցում վերջնական որոշում կայացնելը հեշտ չի լինելու Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ ցանկացած ազդեցություն ունենում է հակազդեցություն ու կարող է հակառակ ճամբարի կողմից որպես հակափաստարկ բանեցվել՝ չնայած մյուս կողմից անկասկած է, որ հասարակության շրջանում նմանօրինակ «փաստարկներով» անհնար կլինի վերաբերմունք փոխել Փաշինյանի նկատմամբ:
Նա իսկապես լեգիտիմ ղեկավար է, ում ցանկացած որոշման հետ հասարակությունը պատրաստ կլինի հաշվի նստել:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 315109 անգամ