Փաշինյանը կկոտրի կարծրատիպերը. ի՞նչ ակնկալել արցախյան խնդրում
2018-05-08 11:48:00
Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 8-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթն, ի տարբերություն նախորդ ելույթի, իր մեջ ներառում էր նաև կարևոր անդրադարձ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Պրն. Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ղարաբաղյան խնդրի խաղաղ, միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն: Կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի ու դրա իրացման միջազգային ճանաչումը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը: Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, որը աշխարհասփյուռ հայության ողջ գործունեության գլխավոր ուղղություններից պետք է դառնա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ես պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի ղեկավաի հետ՝ որպես հիմք ունենալով վերը նշված սկզբունքային դիրքորոշումը:Հարկ եմ համարում,սակայն,ընդգծել,որ բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ նրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունն, ինչը նախատեսված է Մինսկի խմբի 1992թ-ի մանդատով»:
Ինչպես կարելի է համոզվել, Փաշինյանի ելույթում տեղ գտած մտքերը խոշոր հաշվով համահունչ են Հայաստանի նախորդ ղեկավարության հիմնական սկզբունքներին: Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի ու դրա իրացման միջազգային ճանաչումն է հանդիսանալու այն ելակետը, որից ելնելով է,որ հայկական կողմը փորձելու է հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի վրա: Հիմնահենքային է նաև Փաշինյանի այն համոզմունքը, որ «բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ նրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունն, ինչը նախատեսված է Մինսկի խմբի 1992թ-ի մանդատով»: Փաշինյանն այսպիսով հայտարարում է, որ եթե աշխարհն իսկապես ցանկանում է առաջընթաց գրանցել խնդրի կարգավորման հարցում, ապա պետք է անվերապահորեն ընդունի Արցախի բնական իրավունքը՝ մասնակից դառնալու սեփական ճակատագրի կերտմանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքում, սակայն,մի ուշագրավ դրվագ կա, որը չի կարելի չնկատել: Խոսքը, մասնավորապես, Արցախին նվիրված խոսքի սկզբնամասի մասին է, նրա այն պնդմանը, թե «կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն»: Ինչի՞ մասին է Փաշինյանն ակնարկում, ի՞նչ նկատի ունի նա՝ խոսելով «կարծրատիպերի» մասին: Մի՞թե Փաշինյանը, «կարծրատիպ» ասելով, նկատի ունի հայտնի տարածքային ամբողջականության սկզբունքը, որն, ինչպես հայտնի է, մշտապես գտնվել է կարգավորմանը միտված միջազգային առաջարկների հիմքում, թե՞ նորընտիր վարչապետը հայտարարում է իր կառավարության՝ խնդրի կարգավորմանը ստեղծագործաբար մոտենալու պատրաստակամության մասին՝ չվախենալով համարձակ քայլերից, որոնք կարող են միգուցե ոչ միանշանակ արձագանքի արժանանալ: Այս հարցի պատասխանը, թերևս, կարող է պարզ դառնալ միայն որոշակի ժամանակ անց:
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Փաշինյանի ժամանակավոր կառավարության օրոք արցախյան հարցում հայկական կողմի դիրքորոշումը փաստացի փոփոխությունների չի ենթարկվելու: Ավելին՝ հիմնավոր են այն գնահատականները, համաձայն որոնց՝ բանակցությունների սեղանին ժողովրդավարական եղանակով վարչապետ դարձած Փաշինյանի դիրքերը շատ ավելի ամուր են գտնվելու, քան նրա օպոնենտինը՝ չնայած հանուն արդարության պետք է նկատել,որ «ռեալ պոլիտիկ» կոչվածում ժողովրդավարությունն ու նմանատիպ բարձրագոչ հասկացությունները հաճախ երկրորդական դեր են խաղում՝ ստորդասվելով աշխարհում օրակարգ ձևավորող տերությունների շահերին:
Բոլոր դեպքերում հստակ է մեկ բան՝ Հայաստանի միակ ռեսուրսը ժողովրդավարությունն է, ու Փաշինյանը, վստահաբար, կկարողանա այն իրապես կապիտալիզացնել հատկապես բանակցությունների սեղանին՝ունենալով մի ողջ ժողովրդի անվերապահ աջակցությունը,վայելելով նրա սերն ու համակրանքն՝ ի տարբերություն Ալիևի, ում Ադրբեջանում, ինպես հայտնի է, ուղղակի ատում են:
Լուսանկարը՝ Դանիել Պալյանի
Այս նյութը դիտել են - 211372 անգամ