USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Second track diplomacy»-ի շրջանակներում մշտապես փորձեր արվել են կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. Սուրեն Սարգսյան
2016-06-16 14:42:00
Տպել Տպել

Մեր հարցերին պատասխանում է ԱՄՆ Թաֆթսի Համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունքի մագիստրոսա, նույն համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը։ -Պարոն Սարգսյան, ժամանակին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով գործադրվեցին բավականին ջանքեր, այդ թվում նաեւ՝ Արեւմուտքի կողմից, 2001-2004 թ.թ. գործեց հայ եւ թուրք ականավոր գործիչներից կազմված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը։ Ըստ Ձեզ, այդ ջանքերն ի՞նչ կարողացան փոխել հայ եւ թուրք ժողովուրդների մտածողության մեջ, հարաբերություններում։

-Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորմանն ուղղված աշխատանք մշտապես տարվել է։ Դա հիմնականում «Second track diplomacy»-ն («երկրորդ ուղղության դիվանագիտություն») է եղել, որի շրջանակներում տարբեր տարիներին տարբեր հասարակական կառույցներ փորձել են հայ-թուրքական հարաբերություններում ընդհանուր եզրեր ստեղծել։ Սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամենահաջողված փորձը, որը հիշարժան է, դա 2009թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգի կողմից հովանավորված հայ-թուրքական արձանագրություններն էին, թեեւ նման բանակցություններ ավելի շուտ էին սկսվել։ Երբ Օբաման եկավ իշխանության, փորձեց աշխարհի տարբեր անկյուններում գոյություն ունեցող կոնֆլիկտային իրավիճակներին լուծում տալ։ Դրանք ԱՄՆ եւ Իրան հարաբերություններն էին, ԱՄՆ եւ Կուբա հարաբերություններն էին, ԱՄՆ-ն բանակցում էր նաեւ Հյուսիսային Կորեայի հետ, որպեսզի փորձեն հասկանալ, թե ինչ հնարավոր լուծումներ կան այդ կոնֆլիկտում։ Հայ-թուրքական հարաբերություններում ամերիկացիները նույնպես շատ ակտիվ էին եւ այդ հարաբերությունների կարգավորման ջատագովն ու ակտիվ հովանավորն էին։ Թե ինչ տվեցին այդ արձանագրությունները մեզ կամ Թուրքիային կամ ԱՄՆ-ին՝ բոլորս գիտենք, որովհետեւ Թուրքիան ինչ-որ պահի հետ քաշվեց եւ որոշեց, որ չի կարող առաջ շարժվել՝ ըստ էության ներկայացնելով նախապայմաններ, որոնք, իհարկե, մեզ համար ընդունելի չէին, եւ բոլորն էլ գիտեին, որ ընդունելի չեն լինելու։

-Իսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հնարավո՞ր է նորից սկսել բանակցությունները Թուրքիայի հետ։

-Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է որեւէ ձեւով կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Դրանք առանձին գործընթացներ են։

-Մենք չենք կապում, բայց թուրքական կողմն է փորձում այդ կապը տեսնել։

-Իհարկե, իրենք կարող են այդ ուղղությամբ ամեն ինչ անել, բայց մենք էլ մեր հերթին պետք է անենք ամեն հնարավորը, որ նման կապ կամ կապի հնարավորություն չստեղծվի, որովհետեւ բանակցային կողմը մենք ենք։ Այսինքն՝ մենք պետք է որոշենք, թե հայ-ադրբեջանական կամ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն ինչպիսի ձեւաչափով եւ ինչպիսի միջնորդների ներկայությամբ պետք է շարունակվեն, այլ ոչ թե երրորդ, չորրորդ կողմերը։ Հաճախ Հայաստանում կարծիք է հնչում, որ պետք է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից կամ բանակցություններից: Սա մեզ համար անընդունելի է, որովհետեւ Ադրբեջանին է ձեռնտու և հենց Ադրբեջանն է պնդում, որ պետք է հրաժարվել այս ձեւաչափից եւ փնտրել այլ ձեւաչափեր։ Նախ՝ ենթադրենք, որ Ադրբեջանը ցանկություն ունի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն լինի Թուրքիան։ Իհարկե դա հնարավոր չէ, քանի որ որոշողները մենք՝ բանակցային կողմերն են, ոչ թե միայն Ադրբեջանը, որ ինքնուրույն ձևաչափ գտնի։

-Բայց հայ-թուրքական հարաբերությունները ուշ թե շուտ պետք է կարգավորվեն։

-Ճիշտ է, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, եւ դրան այլընտրանք չկա։ Այլ հարց է, թե դրանք ինչպես պետք է կարգավորվեն։ Շատ կարեւոր է գիտակցելը, որ մենք երկու հարեւան պետություններ ենք, ապրել ենք եւ շարունակելու ենք ապրել այս տարածաշրջանում։ Ե՛վ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, եւ՛ փակ սահմանները Եվրոպայում, նույնիսկ Եվրասիայում, անհընդունելի են երեւույթ են 21-րդ դարում։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ-Էրդողանը չի համարվում վստահելի գործընկեր ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ՝ ՌԴ-ի, Եվրոպայի, ԱՄՆ-ի համար։ Չեմ կարծում, որ Էրդողանի օրոք մենք կկարողանանք առաջընթաց արձանագրել եւ սկսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններ։ Բայց Էրդողանն ընդմիշտ չի լինելու պետության ղեկին, հեռանալու է այդ պաշտոնից, եւ հեռանալուց հետո եթե գան առողջ ուժեր, ապա հնարավոր է, որ սկսվի բանակցային գործընթաց։

-Իսկ տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ Թուրքիայում նահանջ ապրի ազգայնականությունը։

-Այս պահին նման հնարավորություն չի նշմարվում, բայց 5-10 տարի հետո հնարավոր է։ Այսօրվա Թուրքիան չես համեմատի 10-15 տարի առաջվա Թուրքիայի հետ եւ կան որոշակի փոփոխություններ հասարակության մեջ։

-Ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո։

-Ես կարծում եմ, որ այսօր շատ ակտիվ բանակցություններ են ընթանում ՀՀ-ի եւ Եվրամիության միջեւ։ Եթե այդ բանակցություններից օգուտ չլիներ, ապա վստահ եմ, որ դրանք չէին շարունակվի։ Կարծում եմ, որ այդ հարաբերությունները զարգանում են ճիշտ ուղղությամբ։

-Վերջերս Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը կարծես թե «երկսայր սուր» լինի։ Մի կողմից հնչում են կարծիքներ, որ այդ փաստը կարելի է խելամիտ կերպով օգտագործել արտաքին քաղաքականության մեջ, եւ այն կարող է ՀՀ-ի համար բացել նոր հեռանկաներ։ Մյուս կողմից՝ կա մտավախություն, որ հերթական անգամ «հայկական հարցը» օգտագործվում է որպես մանրադրամ խոշոր տերությունների կողմից։

-Գերմանիայի Բունդեսթագի որոշումը այսպիսի կարեւոր հարցի վերաբերյալ, իհարկե, կարող է կարեւոր դեր տանել նաեւ ուրիշ պետությունների համար, որովհետեւ Գերմանիան այսօր ԵՄ-ում քաղաքական եւ տնտեսական լոկոմոտիվն է։ Մենք ականատես եղանք, որ այդ որոշումից հետո, այստեղ գտնվելու ընթացքում, Չեխիայի նախագահը հայտարարեց, որ ինքն էլ է պատրաստվում համապատասխան նամակ ուղարկել իր երկրի պառլամենտ, որպեսզի ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Դա միջազգային ճանաչման գործընթացի շարունակությունն է։ Մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն է։ Շատերը կարող ենք ասել, որ սա Թուրքիա-ԵՄ հարաբերություններում մանրադրամ է, բայց ցանկացած պարագայում մեզ համար ձեռքբերում է, որովհետեւ մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը կյանքի է կոչվում ԵՄ-ում։ Բունդեսթագում կան պատգամավորներ, ովքեր քվեարկել են՝ ելնելով ոչ թե քաղաքական, այլեւ՝ բարոյական սկզբունքներից։ Գերմանիան անցել է այդ ամենի միջով եւ հասկանում է, թե ինչ է ցեղասպանությունը։ Չնայած անցել է 101 տարի, բայց Հայոց Ցեղասպանության մասին դեռ խոսվում է, պարբերաբար հղում է արվում այդ փաստի վրա, եւ վստահ եմ, որ բարոյական կողմը նույնպես որոշիչ դեր է խաղացել ճանաչման գործում։ Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը հերթական կարեւոր իրավական և քաղաքական նախադեպն է, որը մենք պետք է օգտագործենք մեր արտաքին քաղաքականության գործիքակազմում։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

hraparak.am

Այս նյութը դիտել են - 1590 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook