Մշակութային միջոցառում Գերմանիայի Յենա քաղաքում
2017-11-29 00:00:00

Նոյեմբերի 25-ին ԳԴՀ Թյուրինգիա երկրամասի Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ սրահում միացյալ համերգով հանդես եկան Յենայի ֆիլհարմոնիկը և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Համերգին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Թյուրինգիայի Լանդթագի անդամներ, երկրամասի նախարարներ, քաղաքային իշխանությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, լրագրողներ և բազմաթիվ հյուրեր:

Համերգի մեկնարկին ներկաներին ողջունեցին Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Դեսպան Սմբատյանն իր խոսքում նշեց. «2016թ. սեպտեմբերին հայ-գերմանական մշակութային օրերի շրջանակներում, Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բարձր հովանո ներքո Յենայի ֆիլհարմոնիկ նվագախումբը համատեղ համերգով հանդես էր եկել Երևանում: Իսկ այսօր Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատասխան համերգով հանդես է գալիս Գերմանիայում: Այսօրինակ համերգային ծրագիրը ևս մի կարևոր միջոց է` միտված երկու երկրների միջև արդեն կայացած մշակութային համագործակցության և հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու ընդլայմանը: Հպարտ եմ, որ Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկն իր բարձրորակ կատարողական արվեստը կներկայացնի գերմանացի խստապահանջ հանդիսատեսին»:

Համերգային ծրագրում հնչեցին Չայկովսկու, Միրզոյանի և Շոստակովիչի ստեղծագործությունները, որոնց կատարումներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատանքին:

Այս նյութը դիտել են - 12861 անգամ