Պետք չէ թերագնահատել մանկավարժիս, երբ մի դպրոցական կյանք եմ արձանագրում
2017-11-28 10:24:00
Սովորաբար իմ նյութերում հիմնականում հայտնվում են այն դպրոցականները, ում դասավանդում եմ: Հնարավոր չէ գրել մեկի մասին, ում հետ չեմ շփվում կամ չգիտեմ նրա մասին ընդհանրապես: Հետևաբար, ինչու՞ եմ հայտնվել թիրախում, երբ գրում եմ իմ դասավանդելիք աշակերտների մասին, կամ ինչո՞վ եմ մեղավոր, որ իմ կողքին աշխատող մեկ ուրիշ ուսուցիչ չի գրում իր աշակերտներից: Կամ ի՞նչ կարևոր է, որ բոլորն էլ գրեն: Եթե կողքիս նկարելու շնորհ ունեցող մեկ ուրիշ առարկայի մասնագետ ուսուցիչ կա, պարտադիր չէ ես էլ նկարելու ունակ լինեմ: Ու այսպես շատ «կամ»-եր...
Միշտ էլ ձգտում եմ տվյալ դասարանում բոլորին յուրովի ուշադրությանս արժանացնել՝ անկախ նրանց սովորելու ընդունակություններից: Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարաբերությունն այսպես եմ արտահայտում իմ ամենօրյա գրառումներով. սա իմ ընտրած ճանապարհն է, չնայած յուրաքանչյուր ոք յուրովի կարող է իր ձևով արտահայտել այն:
Ինչու՞ բժիշկը, իր հիվանդների մասին գրելով, կարող է ատենախոսություն պաշտպանել կամ գիտական կոչում ստանալ, մանկավարժը չի կարող գրել իր առջև նստած դեռահասների մասին՝ բացահայտելով ուսուցչի և աշակերտների միջև գեղեցիկ մարդկային հարաբերություններ: Մի՞թե նա տվյալ հիվանդանոցի բոլոր հիվանդների մասին է գրել: Հասկանալի է, որ գրել է այն հիվանդներից, ում համապատասխան ախտորոշում է տվել:
Ի՞նչն է խանգարում մարդուն, որ երբեմն չի ցանկանում տեսնել գեղեցիկը, որ տքնաջան աշխատանքի արդյունքում է ստեղծվում ու հանձնվում գալիքին, որ սերունդները թերթեն այն՝ մեր անցած օրերի ու դեմքերի հիշողությունների տեսքով: Իմ գրառումները նպատակ չունեն նսեմացնելու որևէ ուսուցչի աշխատանք, բայց նաև դա չի նշանակում, որ գրելու ընդունակ որևէ մեկի աշխատանք չնկատելու տանք, թե ինչ է մյուսները չեն կարողանում գրել կամ օժտված են նման ունակությամբ, ուղղակի չեն գրում: Եթե ունենք հաջողակ ստեղծագործող ուսուցիչներ, բայց ասպարեզում չեն երևում, դա չի նշանակում, որ պետք է նրանց ստվերում մնանք մեր իսկ լռությամբ:
Ուսուցիչների մի քանի հազար բանակ ունենք Արցախում, նրանց մեջ՝ մեկը մյուսից հետաքրքիր, բազում շնորհներով օժտված, տարբեր մրցույթներում հաղթած, լավագույն վաստակի արժանացած, կատարելության հասած այնպիսի մասնագետներ, որոնցից շատերին գուցե և առերես չգիտեմ, բայց համոզված եմ, որ յուրաքանչյուրը մատաղ սերնդի դաստիարակության գործում յուրովի իր արժանվույն նպաստն է թողնում մեր երկրի բարօրության, լավագույն ապագայի համար:
Հնարավոր է՝ ուսուցիչներ լինեն, ովքեր դեռ արժանվույն չեն գնահատվել: Բայց ինչու՞ են առանձնացվել ուսուցիչները կամ թեկուզ տարբեր ոլորտի մարդիկ՝ իրենց կոչումներով, կառավարական պարգևներով..., այդ թվում ես՝ վաստակավոր մանկավարժի կոչումով կամ ուսուցչի առաջին աստիճանի որակավորման տարակարգով: Հիմա ի՞նչ, կանգնեցնե՞ն այդ երթը, անտեսե՞ն արժանավորների հաջողությունները, որ հանկարծ այն մյուսներն իրենց նվաստացած չզգան:
Եթե իմ կողքին աշխատող ուսուցիչը երգելու տաղանդով օժտված լինի, երբևէ ինձ նսեմացած չեմ զգա, որ ինչ-որ մեկը նրա շնորհը ի ցույց է դրել: Եթե այդ երգելու շնորհով օժտված լինի աշակերտը, պետք չէ թաքցնել նրա տաղանդը, թե ինչ է կողքի աշակերտն իրեն նվաստացած կզգա, որ իր համադասարանցուն արժևորել են: Եթե կգտնվեն մարդիկ, որ կկասկածեն խոսքերիս ճշմարտությանը ու չեն հավատա, որ իմ օրագրային գրառման կերպարներն իրական են՝ իրենց ազատ մտքերով ու հույզերով, թող արձագանքեն: Եթե կլինեն կասկածամիտներ, թող բարձրաձայնեն նաև, որ սիրում են իրենց աշխատանքն այնպես, ինչպես ես եմ սիրում իմ մասնագիտությունն ու իմ առջև նստած այդ անկեղծ դեռահասներին:
Որքա՜ն «եթե»-ներ կան, որոնց մասին կարող եմ բարձրաձայնել: Իմ կողքի ուսուցիչը, եթե ձեռքի լավ աշխատանքով կարող է զարմացնել, այդ նույն զարմանալու չափ էլ հիացնում է ինձ: Սովորաբար երանի եմ տալիս անգլերենի մասնագետներին՝ այդ լեզվի լավագույն իմացության համար, բայց երբևէ նսեմացած չեմ զգում ինձ, որ այդ լեզուն չգիտեմ: Եթե ես գրելու սովոր եմ կամ խոսելու ընդունակ բեմերից, թող կողքիս կանգնածները նսեմացած չզգան իրենց: Պետք չէ թերագնահատել մանկավարժիս գործունեությունն այս տարածքում և գիրք հրատարակելու գործում, երբ արդար գրիչս ընդամենը մի դպրոցական կյանք է արձանագրում՝ առանց որևէ մեկի աշխատանքը նսեմացնելու:
Հիշենք, որ բոլոր թռչունները նույն բարձրության վրա չեն թռչում, իսկ եթե սովոր են բարձունքների, նոր թափով ու մղումով կսավառնեն՝ նույնիսկ քամու ուղղությանը հակառակ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 14350 անգամ