Ահա Պատասխանս. Պարոն նախարար, հրաժարական տվեք.ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
2017-11-27 23:41:00

Հիշում եք կոշտ նամակս ԿԳ նախարարին։ Պատասխան եմ ստացել։ Վիրավորվել ու հաթա է տվել՝ իբր համբավս ես վիրավորում։ Ահա մեջբերումը. ԿԳՆ պատասխանից. «Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին վիրավորանք հասցնելով նախ` խոչընդոտում եք նախարարության բնականոն աշխատանքը, ինչպես նաև արատավորում եք պետական գործադիր մարմնի ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը»:

Ահա Պատասխանս։ Այս պետության հետ պիտի աշխատել խիստ ու մանրամասն։

Պարոն նախարար.

Հարկ է նշել, որ փորձագիտական դիտարկումների արդյունք եզրահանգումները, որքան էլ դրանք կոշտ ձևակերպված լինեն, հնչեցվում են խոսքի ազատության սահմաններում և էթիկայի խախտում ու վիրավորանք չեն կարող որակվել:

Դիցուք, կրթական գերատեսչության ղեկավարի առջև խնդիր է դրված եղել` ստեղծել «Առողջ ապրելակերպ» դասընթացը (ներառյալ «Կյանքի հմտությունների» նույնանուն բաժինը), և նա ընտրում է ԿԳՆ-ԿԱԻ կորպորատիվ դեմքերից 6 մարդ, կազմում հեղինակային և փորձագիտական խմբեր, որոնք մինչև այդ կրթական, մասնագիտական որևէ առնչություն չեն ունեցել հիշյալ ասպարեզին, մի տող չեն գրել այդ թեմատիկայով և հանձնարարում նրանց` ՍՏԵՂԾԵԼ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ` ուսուցչին ուղղված մեթոդական ՁԵՌՆԱՐԿԻ հիմքի վրա: Կրթական գերատեսչության ղեկավարը շատ լավ իմացել է, նրա սեղանին բազում անգամ դրվել է տեղեկատվություն, որ ԿԳՆ համակարգում գործում է իրավաբանական անձ` «Առողջագիտության ինստիտուտ»-ը, «Մարդու էկոլոգիայի դպրոցը»` առողջագիտության հեղինակային խմբով և բազմաթիվ այլ մասնագետներով, նաև առողջագիտության ֆակուլտետը` մասնավոր համալսարանի կազմում, որոնք մշակել են հայեցակարգեր, ուսումնական ծրագրեր, ձեռնարկներ, հիմնել են գիտության երկու նոր ճյուղ, առողջ ապրելակերպի գիտելիքով մտել են մանկապարտեզ, դպրոց, ծնողական համայնք, կլինիկա, ծննդատուն, հանրային ռադիոյի և հեռուստատեսության լսարան, հանրության լայն շերտեր:

Ինչպե՞ս է եղել, որ կրթական գերատեսչության ղեկավարը չի տեսել այս ներուժը – սա հարց է, որը ինքնիշխան պետության քաղաքացին դնում է նրա առջև: Չէ՞ որ մեր զարգացող պետությունը համագործակցում է միջազգային հեղինակավոր կառույցների հետ, և այդ շփման մեջ պետք է ներգրավվեն երկրի լավագույն ուժերը: Որո՞նք են եղել սույն պետական այրի վարքի ու որոշումների շարժառիթները` առաջ մղել գործից անտեղյակ գիրք «սարքող» յուրայինների խումբը:

Ցանկացած փորձագետ կասի, որ կրթական գերատեսչության ղեկավարի վարքը կոռուպցիայի ակնհայտ տարրեր ունի, և միջազգային համայնքից ստացած մեկ միլիոն դոլարի իրացումը կարիք ունի հետաքննության, գիտա-կրթական և իրավական գնահատականների:

Ասացեք խնդրեմ, այս եզրահանգումով ես արատավորեցի՞ «պետական գործադիր մարմնի ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը»: Եթե այո, ապա հետևությունը պետք է անի այդ ղեկավարը: Իսկ ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, զուգահեռաբար` պատկան մարմինները պետք է հարցնեն նրան, թե այս կոնկրետ փաստի հետ կապված` նա ինչու՞ չի գործել հանրային շահի և ողջամտության, քաղաքացիական պատասխանատվության սահմաններում: Ավելացնեմ, որ պետական գործադիր մարմնի ղեկավարի սխալի պատճառով երկրին հասցվել է հսկայական նյութական, բարոյական, առողջական, ժողովրդագրական վնաս, ինչն առանձին հետազոտության նյութ կարող է լինել::

Այո, ճիշտ եք, ես ցանկանում եմ «խոչընդոտել» ԿԳՆ աշխատանքը, սակայն միայն այն մասով, որն ուղղված է նոր առարկաների ստեղծման և ընդհանրապես դասագրքաստեղծման մեջ կորպորատիվ-կոռուպցիոն սխեմաների գոյությանը:

Պարոն նախարար, հրաժարական տվեք: Դա լավագույն ելքն է ձեզ համար: Եվ մի խանգարեք մեզ, մենք ցանկանում ենք աշխատել ՀՀ կառավարության հետ:

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

Այս նյութը դիտել են - 34532 անգամ