Ճակատագրով է ինձ տրված՝ լինել արցախցի
2017-11-22 12:32:00

11-րդ գ դասարանի աշակերտ Նաիրի Ջհանգիրյանի այս խոսքերը մտովի մի քանի անգամ կրկնեցի. «Մեծերից շատ եմ լսել, որ ասում են, թե այստեղ ապրելու տեղ չէ, պետք է հեռանալ այստեղից, բայց ինձ համար դրանք քամու բերած խոսքեր են: Ես իմ ապագան տեսնում եմ իմ քարքարոտ հայրենի բնաշխարհում՝ լեռներով շրջապատված: Մի՞թե կարող եմ մեր քարեղեն ժայռերը փոխարինել այն հարթ տարածությունների հետ, մի՞թե կարող եմ լքել իմ հայրենի հողը»:

Ինչու՞ եմ համոզված, որ նա երբևէ չի լքի իր հայրենիքը, ինչու՞ եմ հավատում նրա այս խոսքերին, որ հոգուց են բխում, սրտից, այնքան հաստատուն, որ նույնիսկ հիացմունքս չեմ կարողանում թաքցնել: Ու այդ իսկ հիացմունքով լսում եմ նրան. «Եթե այստեղ եմ ծնվել, ապա ի սկզբանե կապվել եմ այս հողին, ճակատագրով է ինձ տրված՝ լինել արցախցի, ես ինչպե՞ս կարող եմ փոխել ճակատագիրս»:

Երբ ուստարվա սկզբին առաջին անգամ մտա այդ դասարանը, նա ինձ ողջունեց իր երգով: Այն ոգեղեն էր հնչում, բարձր ոռոգանությամբ... Հենց այդ օրն էլ անհուն բերկրանքով հայրենյաց ապագա պաշտպանին տեսա. «Ես իմ լեռնաշխարհի մի մասնիկն եմ ու կմնամ անբաժանելի: Ես հաստատակամ կառչած եմ իմ հայրենիքից: Երբ զինվոր դառնամ, այն ժամանակ ավելի բարձր ոգով կերգեմ: Գովերգելու եմ իմ հայրենի լեռնաշխարհը, աղաղակելու եմ պատերազմի դառնությունների դեմ և միշտ սատար եմ կանգնելու իմ ազգին»:
Երբեմն ես նրան դիտողություն եմ անում՝ դասերին անպատրաստ ներկայանալու համար, բայց որքա~ն եմ գնահատում նրա անկեղծությունը, որ ինձ այնքան դուրեկան ժպիտներ է պարգևում: «Ապագա մասնագիտությունս արդեն ընտրել եմ, երգիչ եմ դառնալու, արդեն ունեմ ձայնագրված տեսահոլովակ, և պատահական չէ, որ երգը պատերազմի մասին է, հայրենիքի: Թեև լավ չեմ սովորում, ինքս էլ երբեմն ստեղծագործում եմ հայրենիքիս մասին, որին հոգուս չափ սիրում եմ»:
Իմ զրույցը նրա հետ «Բարո՛վ գնացեք» պատերազմի մասին երգի շուրջն էր, որ նկարահանվել ու ձայնագրվել էր, բայց երգն ուրիշի հեղինակածն էր, որ հոգուն հարազատ է համարել ու սկսել երգել: «Ուրիշներն էլ երգում են այն: Նաև «Ղարաբաղ» երգ ունեմ ձայնագրված: Հետագայում ձայնս կմշակեմ, նաև սեփական երգեր կունենամ: Միշտ էլ կապրեմ այստեղ: Եթե իմ ապագան տեսնեի մեկ այլ երկրում, ապա հաստատ հայրենասիրական երգեր չէի ձայնագրի, կերգեի օտար լեզվով, սիրո, ընկերության, ամեն ինչի մասին, բայց եթե իմ երգերը հայրենիքի մասին են, ապա բնական է, որ իմ անցնելիք ուղին այդ ճանապարհով է լինելու: Հայրենասիրական երգերն իմ հոգուց են բխում: Ես արդեն կատարել եմ իմ ընտրությունը, ուրիշ կերպ չեմ կարող մտածել: Ծնվել եմ Արցախում, ապրում եմ այստեղ, իմ ապագան էլ տեսնում եմ այստեղ»:
Զրույցս իմ աշակերտ Նաիրի Ջհանգիրյանի հետ հրապարակային դարձրի՝ նաև ցանկանալով նրան հաջողություն մաղթել իր երգելու ստեղծագործական արվեստում: Առաջին քայլերն արված են արդեն, արարելու, նորը կյանքի կոչելու հաստատուն կամք եմ ցանկանում նրան, խաղաղ ու բերկրալից ճանապարհ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 18428 անգամ