Թրամփի հաղթանակի առաջին տարին՝ արդյունքներ, սխալներ, հեռանկարներ. Amerikayidzayn
2017-11-09 00:26:00

Մեկ տարի առաջ ընտրություններին հաջորդած իր ելույթում, Դոնալդ Թրամփըերդում տվեց իր ընտրողներին՝ աշխատավոր ամերիկացիներին, ովքեր դժգոհ էին երկրում ստեղծված իրավիճակից.

«Քաղաքական գործիչները բարգավաճում են, իսկ գործարանները՝ փակվում: Ամերիկացիների այս կոտորածն ավարտվում է հենց այստեղ ու այսօր»:

Թրամփի հաղթանակը երկրաշարժի էր համարժեք ԱՄՆ-ի քաղաքական դաշտի համար: Նրա նախագահությունը սակայն, սկսվեց բազմաթիվ հակասություններից՝ լայնածավալ բողոքներից մինչեւ երդման արարողությանը ներկա բազմության չափը:

Նախագահության առաջին ամիսներին Թրամփը երեք կարեւոր հաղթանակ արձանագրեց՝ նշանակելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր անդամ, մահացու հարված հասցնելով Դաեշի ահաբեկիչներին եւ շարունակելով տնտեսական բարձր ցուցանիշները: Սակայն, առողջապահության բարեփոխումների բնագավառում Դոնալդ Թրամփի նախաձեռնության տապալումը հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատում ծանր հարված էր նախագահի հեղինակությանը: Արդյունքում այսօր Դոնալդ Թրամփի քաղաքական օրակարգը սառեցվել է, նշում է վերլուծաբան Ալան Լիհթմանը.

«Ոչ մի իշխող կուսակցություն, որն ունի միաժամանակ նախագահ եւ մեծամասնություն Կոնգրեսում, այսքան ձեռնունայն չի եղել»:

Այս իրավիճակում Դոնալդ Թրամփի աջակիցների թիվը շարունակում է նվազել, նշում է Լարի Սաբաթոն.

«Ամերիկացիների մեծամասնությունն այսօր Դոնալդ Թրամփի աշխատանքը նախագահի պաշտոնում բացասական է գնահատում»:

Սակայն, ընտրությունների ավարտից հետո Թրամփի կողմից կազմակերպվող ցույցերն ու երթերը ակտիվ են պահում իր ավանդական կողմնակիցներին՝ ամերիկյան հասարակության շուրջ մեկ երրորդը կազմող ավանդական հանրապետականներին: Սակայն, Դոնալդ Թրամփի ղեկավարման ոճը եւ Ռուսաստանի միջամտության շուրջ հետաքննությունը կարող են դեռ փոխել ներկա պատկերը:

Այս նյութը դիտել են - 16486 անգամ