Կոմունիստներն ուզում են երկրորդ հեղափոխությունն անել
2017-11-07 13:24:00
Կոմունիստներն ուզում են երկրորդ հեղափոխությունն անել: 
Դե, արի ու մի ասա՝ առաջինի ժամանակ ի՞նչ արեցիք, որ երկրորդին ի՞նչ անեք:
Նայում եմ հեռուստաընկերությունների եթերային ստուդիաները՝ կահավորված, ճոխ, լուսավոր ու պայծառ: Քեֆս գալիս է, քեֆիս հետ էլ՝ նախանձս:
Ձեր ժամանակ ՝ առաջին հեղափոխությունից շա՜տ տասնամյակներ հետո, հանրապետության միակ հեռուստատեսությունը կահավորված էր խարխուլ աթոռներով ու սեղաններով:
Չեմ մոռանա, թե շաբաթը մեկ ինչպիսի անհարմարությամբ էի վարում իմ ուղիղ եթերները: Դրանցից մեկը՝ ՃԱՆԱՊԱՐՀ , ՏՐԱՆՍՊՈՐՏ , ՀԵՏԻՈՏՆ : Ալյումինե ոտքերով սեղանն է, հնամաշ մի աթոռ: Սեղանը տնգտնգում է: Ոնց ուզում եմ հարմարեցնել, չի ստացվում:Ուղիղ եթերին էլ մնացել են հաշված րոպեներ: Պպզել եմ, որ ոտքի տակ մի բան դնեմ: Ի՞նչ կարող էի դնել, իմանայի՝ դրսից քարի կտոր կբերեի:
 Հանկարծ ստուդիական վահանակից լսում եմ ռեժիսոր Վարդան Ճվիկյանի բարեհամբույր ձայնը՝ Ասոյան ջան, տասը վայրկյանից եթերում ես: Շնչելս դադարեց, ուր մնաց մտածեմ սեղանի ճոճքի մասին: Ոտքս սահեցնելով մի կերպ հարմարեցրի ալյումինե ոտքի տակ, արմունկով ստուգեցի ամրությունն ու թեթևակի հազացի: Ուշադրություն, - լսում եմ ռեժիսորի ձայնը, - գնացինք...Իսկ դա նշանակում էր, որ ես իմ ճոճվող սեղանով, ցավացած ոտքով հայտնվում եմ հայրենակիցներիս հարկի տակ, ովքեր իսկը գաղափար չունեն իմ ապրումների, գլխիս եկած փորձանքի մասին:Որտեղի՞ց իմանան՝ ժպտալով բարևում եմ, ժպտալով հրաժեշտ տալիս: 
Հետո էլ ասում եք՝ երկրորդ հեղափոխություն անենք: Առաջինը թող լինի առաջինն ու վերջինը...
Սպարտակ Ասոյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 29124 անգամ