Ալթունյանի կասկածելի նախաձեռնությունը
2017-11-06 23:39:00
Բյուջեի վերաբերյալ քննարկումներն Աժ-ում բավական հետաքրքրիր են անցնում` բացահայտելով բաներ, որոնց մասին նախկինում նույնիսկ չէր էլ բարձարձայնվում:
Ահավասիկ դրանցից մեկը:

Պարզվում է` առաջիկա տարում առողջապահության համակարգում վարվող քաղաքականության վերանայում է լինելու: Նախարար Լևոն Ալթունյանը ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել էր,թե հաջորդ տարի առողջապահական ոլորտի թոշակառու աշխատակիցները կհեռացվեն համակարգից:Այդ մասին որոշումը հիմնավորելու համար Ալթունյանը բերել է որոշակի վիճակագրություն, խոսել ոլորտում առաջացած անհամաչափության մասին և այլն` փորձելով համոզել բոլորին, որ խոսքը ոչ թե հարկադիր կրճատումների մասին է, այլ ընդամենը մարդկանց վաստակած հանգստի ուղարկելու, երիտասարդ սերնդի առաջ դռներն ավելի լայն բացելու և այլն:
Մի խոսքով` մտահղացման նպատակը միմիայն բարի է և վերջ:
Ինչ խոսք` այն բոլոր փաստարկների իսկությունը, որոնք իր խոսքում մատնանշել է Ալթունյանը, դժվար է կասկածի տակ առնել: Վերջիվերջո նույն սերնդափոխության հարցն այն սուր խնդիրներից է, որն առկա է ոչ միայն առողջապահության ոլորտում,այլև մի շարք այլ բնագավառներում:
Սակայն հարցն այստեղ մեկ այլ բան է. որքանո՞վ է Ալթունյանը վստահ, որ նախ այդ կրճատումները կընթանան հավասարության ու արդարության սկզբունքով, երկորդ` ի՞նչ երաշխիք կարող է տալ նախարարը, որ հին կադրերին նորով փոխարինումը կտա որակական աճի էֆեկտ, ու այդպիսով հասարակությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակը ոչ թե կընկնի, այլ կբարձրանա:
Հետարքրիր է` ի՞նչ սկզբունքով են նոր, երիտասարդ կադրերն ընտրվելու ու նշանակվելու աշխատանքի: Որքանո՞վ պետք է քաղաքացին վստահ լինի,որ ասենք իր ճանաչած փորձառու բժշկին փոխարինող նորավարտը ոչ թե կվնասի, այլ կամոքի: Սրանք, թերևս, հարցեր են, որոնց պատասխանները կարծես Ալթունյանը չունի, ինչն, ի դեպ, միանգամայն բնական է, քանի որ դժվար թե գտնվի գեթ մեկն, ով այսօր կարող է երաշխավորել Հայաստանում կրթության որակը, այդ թվում և բժշկական:
Այնպես որ` նախքան նմանատիպ քայլերի գնալը,նախ լավ կլիներ, եթե տրվեին մի շարք սուր հարցերի պատասխաններն ու հիմնավորվեր նման քայլի նպատակահարմարությունը նաև բժշկական ծառայությունների որակի տեսանկյունից:
Հակառակ պարագայում կստացվի` «ունքը սարքելու փոխարեն աչքը հանել»,իսկ դա ոչ մի կերպ չի կարող տեղավորվել այն փիլիսոփայության տրամաբանության ծիրից ներս, որի կրողներն են բժիշկները`իսկական բժիշկները` իհարկե…
Այս նյութը դիտել են - 10382 անգամ