ԱՄՆ-ի դրոշները, մինչև նոյեմբերի 9-ը` խոնարհված կլինեն ի հիշատակ Տեխասի եկեղեցում զոհվածների
2017-11-06 14:17:00

 Թրամփը կարգադրել է ԱՄՆ-ի դրոշները խոնարհել մինչեւ նոյեմբերի 9-ը ի հիշատակ Տեխասի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում հրաձգության զոհերի։

Թրամփի ուղերձում, որը տարածել է Սպիտակ տունը, ասված է, որ ԱՄՆ-ի դրոշները պետական շենքերի վրա եւ երկրի ողջ տարածքում, ինչպես նաեւ արտասահմանում ամերիկյան բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում խոնարհված կլինեն «մինչեւ նոյեմբերի 9-ի մայրամուտը ի նշան 2017 թվականի նոյեմբերի 5-ին կատարված բռնության անիմաստ ակտի զոհերի նկատմամբ հարգանքի»:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Տեխասի եկեղեցում կատարված սպանդի հետեւանքով զոհվել է 26 մարդ: Կրակողին մեռած են գտել, բայց ոստիկանությունն առայժմ չգիտե նրա մահվան հանգամանքները: Հանցագործության դրդապատճառները նույնպես առայժմ պարզ չեն: Տուժածների տարիքը՝ 5-ից մինչեւ 72 է:

Թեեւ պաշտոնապես զինված տղամարդու անունը չի հաղորդվում, Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներից շատերը գրում են, որ հարձակվողը Դեւիդ Փատրիկ Քելլին է, որն ավելի վաղ խայտառակ կերպով հեռացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերից:

Սա այդօրինակ ամենաարյունալի միջադեպն է նահանգի պատմության մեջ, հայտարարել է Տեխասի նահանգապետը:

Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մամուլի քարտուղար Էնն Ստեֆանեկը, Քելլին 5 տարի առաջ ռազմական տրիբունալի կողմից դատապարտվել էր իր կնոջ ու երեխայի վրա կատարած հարձակման համար, «Արմենպրեսի» փոխանցմամբ հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: 

Այս նյութը դիտել են - 15793 անգամ