ԱՄՆ դեսպանատունը՝ հակադարձում է Թանկյանին. Hayeli
2017-11-06 08:07:00

«Hayeli »-ն  գրում է . ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է տարածել Հայաստանում «Մոնսանտո» հայտնի ընկերության կողմից հնարավոր ներդրում կատարելու մասին տարածված տեղեկությունների կապակցությամբ:

«Որոշ մարդկանց հետաքրքրում է, թե որն է դեսպանատան դերը «Մոնսանտո»-ի արտադրանքի ներկայացման գործում: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է։

Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կազմակերպվել էր գործարար համաժողով, որը միտված էր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի ամրապնդմանը՝ ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև կապեր հաստատելու և ամերիկյան ընկերությունների կողմից ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները ներկայացնելու միջոցով։

Համաժողովին ներկայացուցիչներ էին գործուղել երկու ամերիկյան ընկերություններ՝ «Վալմոնտը» և «Մոնսանտոն»: Վերջինիս արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից։

Չնայած ագրոբիզնեսի ոլորտի հայկական և ամերիկյան ընկերությունների հանդիպման այս հարթակն ապահովվել էր ԱՄՆ դեսպանատան կողմից, սակայն ամերիկյան ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները և ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները», – նշված է ԱՄՆ դեսպանատան պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխարհահռչակ հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կոչ անելով Հայաստանին ու դրա բնակիչներին հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից:

Հայտնի է, որ ընկերությունը բույսերի բիոտեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատարն է: Այն արտադրում է գյուղատնտեսական նշանակության ապրանքներ՝ եգիպտացորենի, սոյայի, բամբակի՝ գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր, դուստ թունաքիմիկատներ, ինչպես նաև աշխարհում ամենատարածված հերբիցիդը՝ «Ռաունդափը»-ը:

Ամբողջական նյութը կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Այս նյութը դիտել են - 9451 անգամ