Մեր աշակերտն է եղել նա՝ աշխարհի առաջնությանը մասնակցած ըմբշամարտիկը
2017-11-02 14:16:00
Դպրոցի միջանցքում պատահաբար հանդիպեցի նրան: Գրկախառնվեցինք՝ մեծագույն բերկրանքով, հարգանքի ու հպարտության զգացողությամբ: Նախորդ տարիների համադասարանցիների հետ էր նա՝ իր հասակակիցների, ովքեր հիմա 12-րդ դասարանում են սովորում, որոնց երբևէ չէր մոռանում: Դրա վառ ապացույցը նրա այցելություններն են դպրոց, ում ջերմորեն ենք ընդունում, պարծանքով, որ տարիներ առաջ մեր առջև նստած աշակերտը հասել է օլիմպիական բարձունքների, նվաճել բազմաթիվ հաղթանակներ ըմբշամարտից:
Գրիշա Ներսիսյան, ում դասավանդել եմ տարիներ առաջ 5-8-րդ դասարաններում: Նա տեղափոխվել էր Երևան, այժմ սովորում է Օլիմպիական հերթափոխի քոլեջի 3-րդ կուրսում: Ու ես նրա հետ առանձնանում, զրուցում եմ: Ինչպես միշտ, նա մեղմ ժպտում է, ու այդ ժպիտների մեջ այն անցած օրերն եմ հիշում, որ երբեմն նախատում էի դասերին անպատրաստ ներկայանալու համար: Նա մնացել է նույնը՝ իր պարզ ու նրբին բնավորությամբ, իր հանդեպ ունեցած անկաշառ սիրով, հաղթություններ ունեցողի համեստությամբ, որ երբեմն զարմացնում է մեզ ու անթաքույց հպարտությամբ համակում շրջապատին:
Իմ հարցերին նա պատասխանում էր շատ կարճ ու կտրուկ, բայց անընդհատ շեշտում էր, որ այս տարվա սեպտեմբերին Հունաստանում կայացած աշխարհի առաջնությունում պարտվել է: Ես փորձում էի նրան հակադրվել, որ այդ առաջնությանը մասնակցելն ինքնին հաղթանակ է, բայց նա նորից էր ինձ հակադարձում երեսին ողողած ժպիտների հեղեղով:
«Մարդիկ կան, ովքեր ինձ բարձրացրին, հասցրին հաղթանակների: Դա սկսվել է Մարտակերտից: Առաջին մարզիչս եղել է Միքայել Սահակյանը: Այստեղ մեծ դեր ունի Կարեն Շախնումանցը՝ Մարտակերտի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Նրանց շնորհիվ Վրաստանում կայացած միջազգային մրցույթում չեմպիոն եմ դարձել: Սանկտ Պետերբուրգում ըմբշամարտի մրցույթում 1-ին տեղ եմ զբաղեցրել, հետո Հայաստանի հուշամրցույթում չեմպիոն դարձա: Անցած տարի Բաթումի քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցույթում 2-րդ տեղ զբաղեցրի: Գոլեցիայի անվան միջազգային մրցույթում, որ Արտաշատ քաղաքում էր, մի քանի օր առաջ 2-րդ տեղ գրավեցի, հիմա Հայաստանում երկրորդ ըմբշամարտիկն եմ համարվում: Երևանում իմ մարզիչը Արշակ Հայրապետյանն է, նրան շատ եմ պարտական, նրա շնորհիվ մեծագույն հաջողությունների հասա»:
Բազմաթիվ են այն մրցույթները, որոնց մասնակցել էր նա, անգամ անհնար է հիշել, թե որտեղ ինչ պարգևատրություններ են եղել: Նայում եմ լուսանկարի պատվոգրերին, օլիմպիական մեդալներին, հաղթության գավաթներին, ու հպարտությամբ է լցվում հոգիս, որ Գրիշա Ներսիսյանը եղել է մեր դպրոցի աշակերտը, ում ես էլ դասավանդել եմ, անգամ՝ նախատել... Նա սպորտային մրցույթներում հասել է վերելքների, բայց իր բնավորությամբ մնացել ազնիվ ու համեստ, նույնիսկ ամաչկոտ, մաքուր մի կերպար, ում նորանոր օլիմպիական բարձունքներ եմ ցանկանում սպորտային առաջնություններում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 13266 անգամ