«Ո՞ւր, արա, հլը հետ արի». Ուշագրավ միջադեպ Վովա Գասպարյանի մասնակցությամբ.Lragir
2017-11-01 12:43:00

«Լրագիր»-ը գրում է. Երևանի Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկին այսօր երեկոյան ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ: 

 Մի երիտասարդ, չսպասելով հետիոտների համար լուսացույցի կանաչ ազդանշանի միացմանը, փորձել է կարմիր լույսի տակ հատել փողոցը: Նրան հետևել է զինվորական համազգեստով ևս մեկ երիտասարդ:

 Լուսացույցի տակ կանաչ ազդանշանին սպասում էր նաև Վլադիմիր Գասպարյանը՝ իր թիկնազորի հետ: Նա նկատողություն է արել երիտասարդներին: «Ո՞ւր, ո՞ւր, արա, հլը հետ արի», գոռացել է ոստիկանապետը:

 Շփոթված երիտասարդը հետ է եկել, նրան հետևել է նաև զինվորական համազգեստով երիտասարդը: «Արա, ո՞ր գեղից ես»,- քաղաքացիական հագուստով երիտասարդին հարցրել է ոստիկանապետը:

 Երիտասարդը պատասխանել է, որ Երևանից է: «Բա ինչի՞ ես կարմիր լույսի տակով անցնում, կարող ա՞ դալտոնիկ ես», հարցրել է ոստիկանապետը: Հետո նա շարունակել է. «Հերիք չի դու անցնում ես, զինվորին էլ հետդ ես տանում»:

 Դիմելով զինվորին՝ Վլադիմիր Գասպարյանը հետաքրքրվել է, թե որտեղ է ծառայում, հետո երիտասարդներին ասել է, որ չի կարելի կարմիր լույսի տակով անցնել:

 Lragir.am-ի թղթակցի դիտարկմանը, թե մարդիկ գուցե իրեն չեն ճանաչում կամ չէին սպասում իրեն քայլելիս տեսնել Երևանի փողոցներում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Ինչի՞ էր անսպասելի, ես միշտ էլ քայլում եմ»:

 Հետո նա դիմել է երիտասարդներին. «Ինձ ճանաչո՞ւմ եք»: Տեսնելով, որ նրանք կմկմում են, ոստիկանապետը նկատել է. «Ընենց բան ասեցի՝ շշկռվեցիք», ապա ծիծաղելով հեռացել է:

 Ներկաները զարմացած հետևել են տեսարանին:

Այս նյութը դիտել են - 10486 անգամ