Նախագահի պայմանը`Վլադիմիր Գասպարյանին
2017-10-24 10:37:00

Նախագահ Սարգսյանի ոստիկանության ընդլայնված նիստին մասնակցությունն ու դրա շրջանակներում հնչեցրած ելույթը բավական լայն քննարկումների տեղիք է տվել, ինչը միանգամայն բնական պետք է համարել, քանի որ Սարգսյանի ելույթն իր խստությամբ կարելի է նույնիսկ բացառիկ համարել: Նման խիստ գնահատականների Վլադիմիր Գասպարյանը երևի թե իր ողջ կարիերայի ընթացքում չէր արժանացել: 
Նախագահի ելույթը լի էր քննադատական երանգներով, ինչից պարզ է դառնում, որ նախագահականում այնքան էլ գոհ չեն ոստիկանության` հատկապես վերջին շրջանի գործունեությունից:
Գլխավոր հարցերից մեկը, որն այսօր հնչում է`կապված ոստիկանության հետ կամ, ավելի ճիշտ, անձամբ Վլադիմիր Գասպարյանի, այն է, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան 2018-ին ու դրանից հետո:
Արդյոք, Գասպարյանը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞, այնուամենայնիվ, նրան կփոխարինեն մեկ այլ անձով:
Այս իմաստով բավական խոսուն կարելի է համարել նախագահ Սարգսյանի խոսքում տեղ գտած որոշ նյուանսներ, որոնք էլ, ըստ երևույթին, բացահայտում են Վլադիմիր Գասպարյանի հետագա ճակատագիրը: 
Անդրադառնալով հասարակություն-ոստիկանություն-պետություն հարաբերություններին` նախագահ Սարգսյանը, մասնավորապես, իր խոսքում նշել էր.
« Հայաստանի հասարակության յուրաքանչյուր անդամ ոստիկանին պետք է համարի իր պաշտպանը , նրանից պետք է ակնկալի աջակցություն ցանկացած դժվարության դեպքում :
Վստա՛հ եղեք , որ մեր պետությունը միշտ պատրաստ է ամուր թիկունք լինել ոստիկանին , նրա ծառայության արդյունավետությունը բարձրացնող բոլոր նախաձեռնություններին ու նաև վստա՛հ եղեք , որ մենք պարբերաբար լուծելու ենք կարևոր սոցիալական խնդիրներ : Միգուցե այսօր կամ մեկ այլ առիթով ոստիկանապետն արդեն ձեզ կտեղեկացնի , թե մենք ինչպիսի սոցիալական խնդիր ենք լուծելու ` սկսած 2018 թ . հունվարի 1- ից : Կարծում եմ՝ մենք դեռ հավելյալ հնարավորություն ենք ունենալու գնահատելու ոստիկանության հետագա գործունեությունը :
Հուսով եմ , որ այդ ժամանակ կկարողանանք խոսել և արձանագրել զգալի ձեռքբերումներ » :
Եթե փորձենք բացել փակագծերն, ապա ստացվում է հետևյալը` մի կողմից Սարգսյանը հստակ պահանջներ է դնում Վլադիմիր Գասպարյանի առջև`կարևորելով նախևառաջ մարդու հիմնարար ազատությունների ու իրավուքների պաշտպանության հարցում ոստիկանության կարևոր դերն ու նշանակությունը,այն համարելով ոստիկանության գործունեության հիմնական նպատակներից մեկը, մյուս կողմից` թափանցիկորեն ակնարկում Գասպարյանի` ապագայում ևս ոստիկանապետի պաշտոնին մնալու հնարավորությունը:
 Այսինքն` Գասպարյանի առաջ յուրատեսակ պայման է դրվում` եթե ուզում ես մնալ այն պաշտոնում, որին ես հիմա, ապա պարտավոր ես վերանայել համակարգի գործելակերպը: Իսկ այն մասին, որ համակարգն այսօր էականորեն շեղվել է իր բուն գործառույթներից ու ինչ-որ տեղ վերածվել անհասկանալի կառույցի, բազում անգամներ ակնարկվում է նախագահ Սարգսյանի ելույթի տեքստում: 
Նախագահականում ակնհայտորեն դժգոհ են այս կառույցի աշխատելաոճից (երևի նկատի ունեն նարեկմալյանական գործելաոճը համակարգում) ու Գասպարյանի առջև պայման է դրվում`վերանայել կառույցի գործունեությունը:
Հիշեցնենք, որ վերջերս, անգամ Լոս Անջելեսի հայկական հեռուստաընկերության մի հաղորդման շրջանակում հաղորդվեց, որ ՀՀ ոստիկանական համակարգում ստեղծվել է ֆեյքերի բաժին (վճարովի հիմունքներով), որոնք վխտում են համացանցում և ում ուզում են վարկաբեկում են ամենաստոր ձևերով և այն ուղարկում են ՖԲ օգտատերերի անձնական էջերին ու այդ ամենը համակարգում է ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը: 
Իսկ թե ինչ հետևություններ կանի անձամբ Գասպարյանը նախագահի ելույթից` կերևա, թերևս, ապագայում ոստիկանության գործելաոճից:
 Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 67725 անգամ