Շնորհավոր մտքի հերթական թռիչքներիդ ծնունդը
2017-10-06 00:40:00

 Մեծագույն շնորհակալությունս դպրոցն ավարտած մեր շրջանավարտների՝ իմ լավագույն աշակերտուհիների՝ Մարիամ և Շուշան Հարությունյանների մայրիկին՝ բոլորիս կողմից սիրված ու հարգված մտավորականին՝ Սոնա Ադամյանին, ով տարիներ շարունակ արդարացիորեն վարել է Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի ծնողական խորհրդի նախագահի պարտականությունները: Ստորև նրա ելույթն է, որով ներկայացել է իմ գրքերի շնորհանդեսին: / Նատաշա Պողոսյան / 
 
Սիրելի՛ ուսուցչուհի, հարգելի՛ ներկաներ, այսօր յուրահատուկ տոն է, տոն , որը խորհրդանշում է մարդու վերաբերմունքը գիրք-սրբության նկատմամբ: Գրքի ստեղծման իմաստն ավելի լավ գիտի հենց ինքը նրա ստեղծողը, արարողը:
Տիկին Նատաշայի ստեղծագործությունները ողողված են հուզականությամբ, անմիջականությամբ ու պարզությամբ…Տողերի մեջ թաթախված են սովորողների ստեղծագործական մտքերի մաքրությունն ու քաղցրությունը: Ուսուցչուհու կատարած գործը մեծ է. նրա շնորհիվ բացահայտվել ու զարգացել է աշակերտների ստեղծագործական միտքն ու ունակությունները, նրանք սկսել են ճանաչել իրենց ներաշխարհը, տեսնել գեղեցիկը, արժևորել հայրենիքն ու մարդկային վսեմ արժեքները և արտացոլել են ճերմակ թղթերում:
Անսահման է այն երջանկությունը, երբ աշակերտն իր հետ հանդիպում է իր ուսուցչուհու հոդվածներում, առավել ևս՝ նրա գրքերում: Ինքնին աշակերտը զգում ու գնահատում է իր կարևորությունը, իր ստեղծագործելու կարողությունները բացահայտելով՝ կարողանում է նայել աշխարհին այլ հայացքով, լսում է իր հոգու ճիչը, իր մտքի ծփանքը, իր սրտի զարկերի տրոփյունը ու դարձնում մի հրաշակերտ շարադրանք:
Իսկ այս ամենի հետևում կանգնած է ուսուցչուհին ՝ իր «կախարդական փայտիկով»՝ իր մանկավարժական մեծ հնարամտությամբ, իր սաների մեջ գեղեցիկը տեսնելու, գնահատելու, արտացոլելու արվեստով: Այնտեղ, որտեղ աշխատանք կա, անպայման կա արդյունք: Ուսուցչուհու իմաստուն աչքից չէր կարող անտես մնալ թե՛ պրպտացող, թե՛ մտահոգ, թե՛ թախծոտ հայացքներով իր առջև նստած սանը, նա թափանցում է նրանց հոգու խորքը՝ տեսնելու այնտեղ ալիքվող խռովքը, օգնում տեսնելու իր երազանքներն ու մտորումները:
Մեծ ուսուցիչ, մեծ մանկավարժ ու հոգեբան, մեր շատ սիրելի՛ ընկեր Պողոսյան, շնորհավոր մտքի հերթական թռիչքներիդ ծնունդը, թող շարունակական լինի այն: Շնորհակալություն քեզ:
Սոնա Ադամյան
Այս նյութը դիտել են - 12475 անգամ