ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2017-10-04 23:10:00


Հարգելի´ ուսուցիչներ
Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու եւ անձամբ իմ անունից երախտագիտության զգացումով ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Ձեր մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մատաղ սերնդին հիմնավոր կրթության ու դաստիարակության տալու խնդիրը բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների համար, իսկ մեր ժողովրդի` առավել եւս, առաջնային ու կարեւորագույն նշանակություն է ունեցել:

Այդ նվիրական առաքելությունը, սիրելի´ ուսուցիչներ, Ձեզ է վերապահված` դրանով իսկ արժանի եք ամենայն երախտագիտության ու մեծարանքի: Ձեր այսօրվա սաներն են վաղը տնօրինելու մեր երկրի ճակատագիրը, ուստի բնավ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից է գլխավորապես կախված մեր ժողովրդի ապագան: Ի վերջո, Ձեզ ենք պարտական մեր գիտական, մշակութային, մարզական եւ մյուս ոլորտներում ունեցած բոլոր հաջողությունների համար: Ու ամենակարեւորը. Ձեր կրթած ու դաստիարակած սաներն են Արցախյան հաղթանակների կերտողները, ապրիլյան քառօրյայում հերոսացողներն ու այսօր, մշտական վտանգի պայմաններում, երկրի անվտանգությունն ու անդորրը պահպանողները, հետեւաբար, Ձեզ է վերապահված նրանցով հպարտանալու առաջնային իրավունքը…
Փառք ու պատիվ Ձեզ, հարգարժան ուսուցիչներ, խոնարհում` Ձեր հայրենանվեր գործի, Ձեր ազնիվ վաստակի առաջ:
Կրկին շնորհավորելով այս հրաշալի օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ երջանկություն, քաջառողջություն եւ երկար տարիների աշխատանքային արդյունավետ գործունեություն:
Հարգանքներով` 
Քաղաքապետ ` Կ. Գրիգորյան

Այս նյութը դիտել են - 14797 անգամ